Բացել լրահոսը Փակել լրահոսը
Makaryan
A A
Քաղաքականություն

Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխնախարար. «Իմ սիրտը Հայաստանի հետ է»

«Ուկրաինան իմ մեծ հայ ընտանիքի նախորդ սերունդների համար Հայրենիքն է ՝ երջանիկ ծնողական տուն: Մորական կողմից ուկրաինական ընտանիքս սեր եւ հայրենասիրություն է սերմանել: Իմ շատ ընկերների, հայրենակիցների համար Ուկրաինան վաղուց երկրորդ հայրենիք է դարձել»: Այս մասին, ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանը:

«Որպես պետական գործիչ՝ բարեխղճորեն եւ ազնվորեն կատարում եմ իմ լիազորություններն ու պարտականությունները, որոնց թվում է նաեւ միջազգային նախագծերի իրականացման աջակցությունը, մասնավորապես, պատերազմից տուժած շրջանների վերականգնումն ու վերաինտեգրումը», — նշել է նա:

Նա նշել է, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:

«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի տեղակաի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարեւոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն եւ այլն», — նշել է փոխնախարարը:

Մակարյանը հավելել է, որ կայացել է արտահերթ նիստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:

«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի: Դրա համար պետք է դիմել ձեր քաղաքում Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգելով տվյալ հեռախոսահամարներին՝ 0 800 050 33 11; 044 277 91 61»,-ասել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ Կիեւում, այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։

Ուկրաինայի հայ համայնքի կողմից բերվել են շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տոննա բեռներ են բերվել Հայաստան:

Ուկրաինայի հայ համայնքը ավելի քան 2000 մարդու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծում, իսկ հարյուրավոր տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով: