Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ պաշտոնական այց

Սպորտ

Ձյուդոյի Եվրոպայի յոթակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր Տամերլան Տմելովը, որը ոչ պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այցելեց «Հայաստան» մարզական միության ձյուդոյի եւ սամբոյի մարզադպրոց եւ հանդիպեց պատանի ձյուդոիստների հետ:

«Ես վաղուց էի երազում այցելել Հայաստան, ծանոթանալ ձեր երկրի պատմության հետ, լինել սրբավայր Էջմիածնում, - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անվանի մարզիկը, որը ներկայումս Ռուսաստանի ձյուդոի ֆեդերացիայի փոխնախագահն է, ինչպես նաեւ Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանի պատգամավոր, - Իմ այցը չնայած ոչ պաշտոնական էր, սակայն չէի կարող հրաժարվել իմ մոտ ընկերոջ` Վարդան Ոսկանյանի եւ նրա մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի հրավերից եւ չայցելել նրանց մարզադպրոց»:

Տամերլան Տմելովը, որն այժմ միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնարարությամբ զբաղվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ձյուդոի զարգացման հարցերով, ասաց, որ առաջիկայում Հայաստան կժամանի պաշտոնական այցով եւ արդեն ավելի կոնկրետ ծրագրերով:

«Առաջիկա ամռանը նախատեսել ենք վարպետության դասեր անցկացնել Հայաստանում: Մտածում ենք ամեն տարի Երեւանում կազմակերպել ձյուդոի միջազգային մրցաշար, ինչը, անշուշտ, կնպաստի մարզաձեւի զարգացմանը Հայաստանում»,-ասաց նա

Ի դեպ, հայտնի մարզիկը պատանի ձյուդոիստներին նվիրեց հատուկ պատրաստված մարզաշապիկներ, որոնց վրա պատկերված էր նրա լուսանկարը եւ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները:

Նշենք, որ Տմելովը միայն վերջերս է ավարտել ելույթները մեծ սպորտում: Անցած ապրիլին Վիենայում կայացած Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային մարզիկն առաջին անգամ գրավեց 2-րդ տեղը, որից հետո որոշեց իրեն լիովին նվիրել կազմակերպչական աշխատանքներին: