Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին ոսկին Վալենսիայից

Սպորտ

Հայաստանի ծանրորդ Սմբատ Մարգարյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (մինչև 17 տարեկաններ) առաջնությունում հավասարը չուներ 56 կգ քաշայինների մրցումներում:

Նա պոկում վարժությունում բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում 135 կգ ծանրաձող: Երկամարտում ցույց տալով 240 կգ արդյունք` Սմբատ Մարգարյանը գրավեց առաջին տեղը` արժանանալով երեք ոսկե մեդալների: Երկրորդ արդյունքը ցույց տվեց լատվիացի Արտյոմ Զերեբկովը, որը մեր մարզիկից ետ մնաց 11 կգ-ով:

Ի դեպ, 50 կգ քաշային կարգում մենք չնայած մասնակից չունեինք, այնուամենայնիվ, մեդալներից մեկը նվաճեց հայազգի ծանրորդ: Ռումինիան ներկայացնող Դանիել Ավրելյան-Կիրլեջյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Նշենք, որ Հայաստանից առաջնությանը մասնակցում են 8 մարզիկ եւ 1 մարզուհի:

Այսօր մրցասպարեզ կմտնեն մեր երեք ներկայացուցիչներ. աղջիկների 53 կգ քաշայինների մրցումներում ելույթ կունենա Իզաբելա Յալյանը, իսկ տղաների 62 կգ քաշային կարգում հանդես կգան Վլադիկ Կարապետյանը եւ Վարդան Միլիտոսյանը: