Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Կազեմիրոն փրկեց «Ռեալին», իսկ Բենզեման կրկնեց Մեսիի և Ռոնալդուի ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 2-րդ տուրի առաջին հանդիպումները:

Գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» Մոսկվայում դժվարությամբ կոտրեց տեղի «Լոկոմոտիվի» դիմադրությունը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 2:1: Նույն խմբում հանդես եկող Մադրիդի «Աթլետիկոն» իր հարկի տակ պարտության մատնեց ավստրիական «ՌԲ Զալցբուրգին»՝ 3:2:

Առաջին տուրում Մադրիդի «Ռեալին» հաղթած Դոնեցկի «Շախտյորն» այս անգամ սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Միլանի «Ինտերի» հետ: «Արքայական» ակումբը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում հրաշքով խույս տվեց երկրորդ պարտությունից: Մադրիդցիներին փրկեցին Քարիմ Բենզեման ու Կազիմիրոն, որոնք խաղավերջում վեց րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին և հավասարացրին հաշիվը՝ 2:2:

Ի դեպ, ֆրանսիացի հարձակվողն այդ գնդակի հաշվին կրկնեց Լիոնել Մեսիի, Քրիշտիանու Ռոնալդուի և Ռաուլի սահմանած ռեկորդները: Բենզեման չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, ով կարողացավ գրավել 30 թիմերի դարպասը:

C խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց ֆրանսիական «Մարսելին» և տոնեց երկրորդ հաղթանակը: Պորտուգալիայի «Պորտուն» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հունական «Օլիմպիակոսի» դարպասը և վաստակած միավորներով հավասարվեց հենց վերջինիս:

D խմբի երկու առաջատարներից հաղթարշավը շարունակեց անգլիական «Լիվերպուլը», որը սեփական դաշտում առանց մեծ ջանքեր գործադրելու պարտության մատնեց Դանիայի չեմպիոն «Միդտյուլանդին»՝ 2:0: Իսկ ահա իտալական «Ատալանտան», որը առաջին տուրում հյուրընկալվելիս ջախջախել էր դանիացիներին, իր հարկի տակ մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց նիդեռլանդական «Այաքսի» հետ՝ 2:2, քանի որ առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով:

Երկրորդ տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր: Կենտրոնական խաղում Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» կընդունի իսպանական «Բարսելոնային»: