Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 28-ը հոկտեմբերի (տեսանյութ)

1997-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մարգարեանում է՝ հնարավոր է ինքն այս պաշտոնում երկար չմնա: Ընդամենը մեկ ամիս առաջ է նախագահ Տեր-Պետրոսյանը ասուլիսում ներկայացրել Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը, որի հետ Արզումանյանը համաձայն է: Մտավորականների մի խումբ Կինոյի տանը հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ չէ, Արզումանյանը զարմացած է:

«Մտավորական Հայաստանը» նույն օրը հանրահավաք է հրավիրում ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կազմկոմիտեի, որը ձեւավորվել է Կինոյի տանը: Ընդդիմադիրներն ասում են, որ նախագահն ուզում է Արցախը բռնակցել Ադրբեջանին: Արամ Սարգսյանն ասում է, թե բացառված չէ, որ իրենք սխալ են հասկացել նախագահին, բայց Ադրբեջանն ինչու՞ է ծափահարում նրան:

2000-ի հոկտեմբերի 28-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ բյուջետային պարտքերը նոր չեն ձեւավորվել, դրանք նախկին կառավարությունների ժառանգությունն են: Ինքն էլ փակում է դրանք:

2000 թվականի այս օրը ծառատունկով են մեկնարկում Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ է օրհնում Խոր Վիրապում տնկվող ծառերը:

Նույն օրը դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը խոշոր երթ է կազմակերպել Երեւանի փողոցներով: Նրանք քայլում են ամերիկյան դեսպանատուն եւ բղավում՝ Հուդա, ոճրագործ: Օրերս է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր օրակարգից հանել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը: Քննադատության թիրախում նախագահ Բիլ Քլինթոնն է եւ մեր իշխանությունը:

Նույն օրը Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտած պատգամավորներ Հրանտ Խաչատրյանն ու Հայկ Բաբուխանյանը վերադառնում են խորհրդարան: Այն դարձել է ծիծաղի օբյեկտ: Սակայն վերադառնում են, հենց պարզում են, որ պարտավորություններ ունեն ժողովրդի հանդեպ:

2001-ի հոկտեմբերի 28-ին ընդդիմադիր եռյակը՝ ՀԺԿ-ն, Հանրապետությունը եւ Ազգային Միաբանությունը Մատենադարանի մոտ հրավիրած խոշոր հանրահավաքում խոսում են միայն Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու մասին։

Նույն օրը խորհրդարանի ղեկավար Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացնում է, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամագրվել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն թողնելուց հետո: Ինքը ներկայացնում է բոլոր կուսակցությունները: Իսկ ընդդիմությանն արդեն խորհուրդ է տալիս տեսնել իշխանությունների լավը։ Նույն օրերին լարված իրավիճակ է Մեծամորի ատոմակայանում: Աշխատակիցները կրկին պահանջում են իրենց աշխատավարձերը: Վերջին անգամ նրանց վճարվել է մայիս ամսվա աշխատավարձը: Նրանք հրաժարվում են շարունակել աշխատանքը: Կայանի աշխատանքները չեն դադարեցվել, սակայն վերաթողարկման, այսինքն, հոսանք արտադրելու համար, ըստ ատոմակայանի տնօրենի, անհրաժեշտ է վճարել աշխատավարձերը:

2009-ի այս օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր նախարարներին հրավիրում է խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու: Կա տեսակետ, որ Ծառուկյանը դժգոհ է նախարարների աշխատանքից եւ պատրաստվում է փոխել նրանց։

2011-ի հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը: Այս մասին Կարապետյանը հայտնում է Ֆեյսբուքի իր էջով՝ նշելով, որ հրաժարականը «քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի», ինքը տեղափոխվում է այլ աշխատանքի: