Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռազմական դրության ավարտից հետո միգուցե նորից դիմենք՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար. սպանված պատգամավորի այրի (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցին, Ազգային ժողովի այգում, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեցին ընդդիմադիր և իշխանական պատգամավորները։
 
ԱԺ բակում տեղադրված հուշակոթողի մոտ էր նաև սպանված պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը։
 
Վերջինս լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ ամեն անգամ այս օրը հիշում են որպես դեպքի առաջին օր.
 
«Դա մեծ ահաբեկչություն էր, և մինչ այսօր հիշում ենք այդ ահավոր դեպքը, երբ մի քանի ստահակի ձեռքով մի ողջ ժողովուրդ գլխատվեց, մի ակնթարթում ընտանիքներ որբացան: Մենք ուզում ենք հասկանալ՝ ովքեր էին կանգնած այս ամենի թիկունքում, և ում նախաձեռնությամբ էր այդ ամենը կատարվում: Նույնիսկ մտածում եմ, որ Արմենակ Արմենակյանի մարդասպանը ողջ է, քանի որ դատապարտված անձինք, այդ թվում՝ Կարեն Հունանյանը, հայտարարել են, որ իրենք չեն սպանել նրան»,- ասաց նա:
 
Պատգամավորի այրու խոսքով՝ վարկածներ կան, որ Արմենակյանի սպանությունը ոճրագործների ծրագրում չի եղել, նրան վախից են սպանել՝ հասկանալով, որ ականատես է դարձել իրենց գործողություններին:
 
«Դիմել ենք նոր իշխանությանը, որ գործը վերաբացվի», - ասաց Արմինե Արմենակյանը՝ նշելով, որ կառավարությունից խոստացել են ուշադրության կենտրոնում պահել հանցագործության բացահայտումը:
 
Արմենակյանի այրին չբացառեց, որ ռազմական դրության ավարտից հետո կանանցով  նորից դիմեն՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար։