Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հադրութի համը արդեն Երևանում․ հադրութցի տիկին Նունեն ասում է՝ կնձմնձուկն է միայն պակասում (տեսանյութ)

Հադրութի համը՝ ժինգյալով հացը, կորկոտն ու փախլավան, հարյուրավոր կիլոմետրեր կտրել, Երևան են հասել։

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության հրետակոծման պատճառով Արցախից Երևան տեղափոխված կանայք նոր զբաղմունք ունեն։

«Պարացելսուս» ՀԿ-ի նախաձեռնությամբ և հիմնադիր Նունե Ավանեսյանի մտահղացմամբ, նոր նախաձեռնության շրջանակներում արցախցի կանայք կպատրաստեն ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել առցանց վաճառքի միջոցով։

Գաղափարի հեղինակ տիկին Նունեն պատմում է․ պատերազմի առաջին օրերից եղել է Հադրութի շրջանում, հոսպիտալում բժշկական ծառայություններ մատուցել, այնուհետև եկել է Երևան,  շարունակել թիկունքից օգնել՝ ինչով հնարավոր է։

Հարդրութցի կանանց հետ ծանոթանալուց հետո որոշել է նախաձեռնել այս աշխատանքները հենց իր սեփական տան բակում․

«Դեռ չգիտենք՝ պատերազմը ինչքան կտևի, մտածեցի՝ նախաձեռնենք մի բան, որով կօգնենք կանանց և՛ իրենց ժամանակը ավելի հեշտ անցկացնել, և՛ գումար վաստակել ու ընտանիքները պահել»։

Առցանց առաքումը կգործի «Հադրութի համը» ֆեյսբուքյան էջի միջոցով, տիկին Նունեն ասում է՝ նախաձեռնությունը կշարունակվի մինչև պատերազմի հաղթական ավարտը։

Գաղափարի հեղինակը հավելում է՝ սահմանին կռվող տղամարդիկ ավելի հանգիստ կլինեն, եթե իմանան, որ իրենց կանայք կարողանում են աշխատել և իրենց հացը վաստակել։

Հադրութի Ուխտաձոր գյուղից Նունե Դադայանն ասում է՝ Հայաստանում ժինգյալով հաց պատարստելու համար կարողանում են բոլոր կանաչիները գտնել, բացի կնձմնձուկից, բայց վստահեցնում է՝ համը դրանից չի տուժում։

Տիկին Նունեն հիշում է՝ պատերազմի օրը տանն է եղել, արթնացել է, արագ երեխաներին հավաքել, տեղավորվել են նկուղում, հետո արդեն Գորիս, ապա Երևան են հասել։

Հադրութցի կնոջ ամուսինն ու տղան Արցախում են, այնտեղ մնացողներին տիկին Նունեն խաղաղություն և առողջություն է մաղթում։

Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է արցախցի ընտանիքներին ։