Բացել լրահոսը Փակել լրահոսը
122893947_3115015821941942_7853530876892443974_o
A A
Հասարակություն

Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Այս մասին հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951թ., Երևանում:

 

Մաեստրո Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի: 2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ.-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։