Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս պատերազմում երկու կողմ կա՝ հայերն են ու ահաբեկիչները, դուք եք ընտրում՝ ում կողմից եք․ակցիա ԵՄ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

«Մի լռեք», «Էրդողան,  հանցագործ», «Ալիև, մարդասպան» «Don’t be blind», «Recognize Arcakh» , «We want peace», «Stop terrorism», վանկարկումներով այս անգամ  ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության շենքի դիմաց էին հավաքվել արցախցի կանայք ու երեխաները։

Նրանք ակցիան մեկնարկեցին Արցախի Հանրապետության օրհներգով։

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով և խաղաղ բնակավայրերի հրետակոծման պատճառով Արցախից Երևան տեղափոխված կանայք ու երեխաները ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց պահանջում էին, որ ԵՄ-ն այլևս չլռի, ներկայացուցիչները լինեն Արցախում և արձանագրեն՝ ինչ է այնտեղ կատարվում

«Մենք չենք պահանջում ձեզնից մեզ պաշտպանել, մենք ընդամենը պահանջում ենք, որ իրավական գնահատականներ տաք այն ամենին, ինչ կատարվում է այսօր Արցախում: Պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի վերջապես հավասարության նշան չդնեք, և մենք ունենանք մեր արարելու և ստեղծելու իրավունքը մեր սեփական հողում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նամակ էին բերել և ցանկանում էին անձամբ հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինին, ինչը, սակայն, այսօր չստացվեց։ Դեսպանատան անվտանգությունից փոխանցեցին, որ համավարակի պատճառով շենքում ներկայացուցիչ չկա։

Մասնակիցները հայտնեցին, որ կմնան  գրասենյակի դիմաց այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ չեն հանդիպել և չեն փոխանցել իրենց նամակը։

Արցախցի կանանցից մեկը շեշտեց՝  պատահական չեն ընտրել Եվրամիության գրասենյակը, քանի որ ԵՄ-ն ստեղծվել է հենց պատերազմից խուսափելու, պատերազմին վերջ տալու համար

«Այսօր մենք ինչ տեսնում ենք, ինչի մասին խոսում ենք, այդ արհավիրքները, այդ ավերածությունները, ամեն ինչի միջով անցել են ԵՄ երկրները: Եվ չնայած իրենց տարբեր շահերին՝ հենց պատերազմի հանդեպ սարսափն է նրանց միավորել: Եվ ինչ-որ տեղ զավեշտ է, որ մենք այսօր գալիս ենք այդ ամեն ինչն ապացուցելու»։

Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը, ասաց

«Ուզում եմ ասել, որ այս պատերազմում երկու կողմ կա, դա հայերն են ու տեռորիստները, և դուք եք ընտրում, թե ում կողմից եք»։ 

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներից Լիանա Ադամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց

«Տարիների ընթացքում նմանօրինակ կառույցների անգործությունը տարեցտարի մեզ, մեր իրավունքները ոչնչացրել է մեր իսկ պատմական հողերում, այդ պատճառով որոշել ենք չլռել եւ Եվրամիությանը հիշեցնել, որ չի կարելի Արցախի խնդիրը դիտարկել տարածքային ամբողջականության շրջանակներում: Թող գան եւ տեսնեն, թե ինչպես է ցեղասպանվում Արցախը, հայը»։ 

Երկար բանակցություններից հետո ԵՄ գրասենյանկից ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ նրանց կարող են ընդունել վաղը ժամը 11-ին, ընդունելու է պատվիրակության ներկայացուցիչը, սակայն թե ով, չհստակեցվեց։