Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախի անկախության ճանաչման պահանջով ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել էին մի խումբ աշակերտներ (տեսանյութ)

Էջմիածնի էռնեկյան դպրոցի աշակերտներն ու ուսանողները այսօր Երևան էին եկել քայլերթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ գնալու նպատակով։

«Ճանաչեք Արցախի անկախությունը», «Ճանաչում» և նման այլ վանկարկումներով աշակերտները և ուսուցիչները Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։

Էռնեկյան դպրոցի կազմակերպիչ Անահիտ Նահատակյանը «Ա1+»-ի հեզ զրույցում, ներկայացնելով իրենց քայլերթի հիմնական նպատակը, ասաց․

«Քանի որ հոկտեմբերի 24-ին լրանում է ՄԱԿ-ի 75 ամյակը, որոշեցինք այսօր ակցիան կազմակերպել և շնորհավորական նամակ փոխանցել։ Նաև խնդրանքով ենք դիմում, որպեսզի ՄԱԿ-ը, լինելով միջազգային կառույց, կոչով դիմի իր կազմում ընդգրկված պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը»։

Նահատակյանը հավելեց նաև՝ ՄԱԿ-ից ակնկալում են, որ վերջինս նաև Ադրբեջանին կոչ անի դադարեցնել արգելված զինատեսակներով Արցախի խաղաղ բնակչության հրետակոծումը, ինչը մարդու իրավունքների խախտում է․

«Խնդրում ենք ՄԱԿ-ին պարտադրել Ադրբեջանին գալ և նստել խաղաղ բանակցությունների»,-հավելեց Նահատակյանը։

10-րդ դասարանի աշակերտներից մեկն էլ հավելեց, թե վստահ են՝ իրենց ուղերձը կհասնի ճիշտ նպատակակետին։

Նամակը ՄԱԿ—ի գրասենյակ հանձնելուց հետո աշակերտները իրենց հետ վերցրած դիմակներով շարժվեցին դեպի Հյուսիսյին պողոտա, դրանք վաճառելու և հասույթը Հայաստանի համահայկական հիմնադրամին փոխանցելու համար։