Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Հայկական» թիմերի հաղթական մեկնարկը, իտալականի՝ սայթաքումը

Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները:

Մրցաշարի «հայկական» թիմերից երկուսն էլ հաջող հանդես եկան: Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ՝ 2:1: Մոր ֆուտբոլիատը գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Սարգիս Ադամյանի թիմը՝ գերմանական «Հոֆենհայմը», իր հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց սերբական «Ցրվենա Զվեզդային», որը փլեյ-օֆֆում պայքարից դուրս էր բերել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»: Մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել այդ հանդիպումը:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում Եվրոպայի լիգայում իր նորամուտը նշեց հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը: Բանակայինները Ավստրիայում ոչ-ոքի խաղացին տեղի «Վոլֆսբերգերի» հետ՝ 1:1:

Եվրոպայի թոփ 5 երկրներից բոլորից հաջող հանդես եկան Իսպանիայի և Անգլիայի ակումբները, որոնք երեքական հաղթանակ տարան: Իսպանական «Գրանադան» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Նիդեռլանդների ՊՍՎ-ին՝ 2:1, «Ռեալ Սոսիեդադը»՝ խորվաթական «Ռիեկային»՝ 1:0, սիկ «Վիլյառեալը» սեփական դաշտում ջախջախեց թուրքական «Սիվասպորին»՝ 5:3:

Անգլիական թիմերից Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս պարտության մատնեց ավստրիական «Ռապիդին»՝ 2:1, իսկ «Տոտենհեմը» իր հարկի տակ ջախջախեց նույն երկրի ներկայացուցիչ ԼԱՍԿ-ին՝ 3:0: «Լեսթերը» սեփական դաշտում շանս չտվեց ուկրաինական «Զարյային»՝ 3:0:

100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին նաև Գերմանիայի, Պորտուգալիայի և Իսրայելի թիմերը, որոնք տարան երկուական հաղթանակ: Հատկապես տպավորիչ է գերմանական «Բայերի» մեկնարկը, որը սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախեց ֆրանսիական «Նիսին»:

Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական դաշտում վստահ հաղթեց հունական ԱԵԿ-ին՝ 3:0, իսկ «Բենֆիկան» հյուրընկալվելիս՝ լեհական «Լեխին»՝ 4:2: Իսրայելական «Հապոել Բեեր-Շեֆան» իր հարկի տակ պարտության մատնեց չեխական «Սլավիային»՝ 3:1, իսկ Թել Ավիվի «Մաքաբին»՝ ադրբեջանական «Քարաբախին»՝ 1:0:

Ամենամեծ անակնկալը մատուցեց նիդեռլանդական ԱԶ «Ալկմարը», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց «Նապոլիին»: Իտալիայի երրորդ ներկայացուցիչը՝ «Միլանը», Շոտլանդիայում վստահ հաղթեց տեղի «Սելթիկին»՝ 3:1:

Առաջին տուրում բոլորից անհաջող հանդես եկան Բուլղարիայի թիմերը՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ն ու «Լյուդոգորեցը», որոնք սեփական դաշտում միևնույն 1:2 հաշվով պարտվեցին համապատասխանաբար ՉՖՌ «Կլուժին» և «Անտվերպենին»:

Եվրոպայի լիգայի 2-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին: