Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել․ փորձերը կասեցվել են (տեսանյութ)

Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
Ըստ նրա՝ կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։
 
Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։
 

 ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Արցախի և Իրանի սահմանն ամբողջովին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ է: 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր:

«Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց Հովհաննիսյանը: