Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Հերիք է նավթադոլարների շահերի հետևից վազեք. ո՞ւր եք, ինչո՞ւ եք լռում». ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ)

«Մի՛ լռեք», «ստոպ ցեղասպանություն», «Էրդողա՛ն, տեռորիստ», «արդարություն», «ճանաչում» և այլ կոչերով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ հիմնականում արցախցի կանայք և երեխաներ

Նրանք պահանջում են, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս դադարեցնի իր անօրինական մասնակցությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցող պատերազմին․

«Եկել ենք խնդրելու, որպեսզի վերջ դրվի այս ահաբեկչությանը»,-ասում է ցուցարարներից մեկը:

-Միացյալ Նահանգների հանցավոր լռության պայմաններում Հայաստանը և Արցախը այսօր պայքարում են ՆԱՏՕ անդամ երկրներից հզորությամբ երկրորդ տեղը զբաղեցնող բանակի հետ,-պնդում են ցուցարարները և հավելում, որ Թուրքիային վաճառված ամերիկյան զինատեսակներն են են հայտնվել Արցախի տարածքում․

«Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ որևէ ամերիկյան զինատեսակ իրավունք չունի առանց այդ երկրի թույլտվության հայտնվել մեկ այլ երկրի տարածքում, իր գործընկերը այսօր այդ զինատեսակները օգտագործում է խաղաղ բնակչության դեմ, ավերում մեր տները, մեր քույրերին ու եղբայրներին սպանում է՝ խախտելով հենց ամերիկյան օրենսդրությունը»։

Ցուցարարները ԱՄՆ-ից հստակ հայտարարություններ են ակնկալում և հարկադրանք ու պատժամիջոցներ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ․ «Ո՞ւր եք դուք, ինչո՞ւ եք լռում, հերիք է նավթադոլարների շահերի հետևից վազեք, սա աշխարհաքաղաքական ճգնաժամ է, ժամանակն է, որ ԱՄՆ-ն իր դերը ստանձնի տարածաշրջանում։ Մենք դիմում ենք Ամերիկային, նա իրավասու և պարտավոր է իրավական և քաղաքական գնահատական տալ, պարտադրել պատժամիջոցներ»։

Ակցիայի մասնակիցների պահանջներին միանում են նաև վարորդները՝ ազդանշաններով սատարելով նրանց։ Ակցիայի մասնակիցներից 3-ը հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ, հանձնեցին նրան ձևակերպված պահանջները, պահանջել են նաև հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսիի հետ, հակառակ դեպքում ասում են՝ ԱՄՆ դեսպանատան մոտ վրաններ կբերեն և կապրեն այդտեղ։