Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» առաջին սայթաքումը Մադրիդում, «Բավարիայի» 20-րդ «պոռթկումըի

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային մրցաշարի 1-ին տուրի մնացած ութ հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Մադրիդում, որտեղ տեղի «Ռեալը» առաջին խաղակեսում երեք գոլ բաց թողեց Դոնեցկի «Շախտյորից», իսկ երկրորդում կարողացավ ետ բերել ընդամենը երկու գնդակ՝ 2:3: Այդպիսով, «արքայական» ակումբն առաջին անգամ տնային պարտությունով սկսեց մրցաշարը: Նախորդ 12 մեկնարկային խաղերում մադրիդցիները միմիայն հաղթանակ էին տարել: Նույն՝ B խմբում հանդես եկող «Ինտերն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան», Միլանում արդյունավետ ոչ-ոքի խաղացին իրար հետ՝ 2:2: Ինտերիստների բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլ խփեց արդեն 9-րդ անընդմեջ խաղում, որն իտալական ակումբի նոր ռեկորդ է:

Ընտրական A խմբի ֆավորիտ Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Գերմանական ակումբը վերջին մեկ տարում 20-րդ անգամ մրցակցի դարպասը խփեց չորս և ավելի գնդակ: Խմբի մյուս խաղում Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգը» իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի փոխչեմպիոն «Լոկոմոտիվի» հետ՝ 2:2: Սա մոսկովյան ակումբի առաջին ոչ-ոքին է լիգայի խմբային մրցաշարում (մինչ այդ՝ 2 հաղթանակ, 10՝ պարտություն):

C խմբում ֆավորիտ համարվող անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Զուգահեռ կայացած մյուս խաղում Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսը» լրացուցիչ ժամանակում խփած միակ գոլի հաշվին պարտության մատնեց Ֆրանսիայի նախորդ առաջնության 4-րդ թիմին՝ «Մարսելին»:

Անակնկալ չգրանցվեց նաև D խմբում: Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Ամստերդամում համեստ հաղթանակ տարավ «Այաքսի» նկատմամբ՝ 1:0, ընդ որում ինքնագոլի հաշվին: Իտալական «Ատալանտան» հյուրընկալվելիս ջախջախեց կարգով զիջող Դանիայի չեմպիոնին՝ «Միդտյուլանդին»՝ 4:0:

Հաջորդ՝ 2-րդ տուրի հանդիպումները տեղի կունենա հոկտեմբերի 28-ին և 29-ին: Նման խիտ խաղացանկը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: