Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa 21.10.
A A
Սպորտ

Ադրբեջանում դժգոհ են ՈՒԵՖԱ-ից՝ տնային խաղերն արգելելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, Հայաստանին և Ադրբեջանին արգելել է սեփական հարկի տակ անցկացնել իր հովանու ներքո նախատեսված հանդիպումներ, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Այդ որոշումը մեր հարևան երկրում ընդունել են սվիններով։ Բանն այն է, որ ՈՒԵՖԱ-ն միաժամանակ անվանել է այն չեզոք երկրները, որտեղ կարող են անցկացնել իրենց խաղերը պատերազմող երկու երկրները։ Դրանք են Լեհաստանը, Կիպրոսը և Հունգարիան։

Սակայն, ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը, որը մասնակցում է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում, ցանկություն է հայտնել իր հանդիպումներն անցկացնել Թուրքիայում՝ պատճառաբանելով, որ եվրոպական այդ երկրներ գնալու համար հարկավոր է ստանալ մուտքի իրավունք, ինչը բացակայում է վերջինիս դեպքում։ Բացի այդ, ակումբի ղեկավարները հայտարարել են, որ բողոքարկելու են ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ նշելով, որ Բաքվում խաղերի անցկացմանը ոչ մի վտանգ չի սպառնում։

Հավելենք, որ Հայաստանի տարբեր հավաքականներն այս տարի դեռ երեք խաղ ունեն անցկացնելու սեփական դաշտում։ Նոյեմբերի 13-ին մեր Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության շրջանակում պետք է ընդունի Շվեդիային, իսկ նոյեմբերից 18-ին ազգայինը խաղալու է Հս․ Մակեդոնիայի, իսկ 21 տարեկանները՝ Իսլանդիայի հետ։ Այդ խաղերը հավանաբար կկայանան չեզոք դաշտերում։