Կորոնավիրուսով հիվանդացած Միխայիլ Ալոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աջակցիր «Ա1+»-ին2012թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը, որը հոկտեմբերի 10-ին հիվանդացել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից։ Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մեկ ամիս առաջ պատրաստվում էի չեմպիոնական մենամարտին, որը հետաձգվել էր դեռևս ապրիլի 30-ին։ Ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն կյանքն իր օրենքներն ունի և այն հարված հասցրեց ինձ։ Ստիպված նորից վերանայեցի իմ ծրագրերը։ Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում հիվանդացա կորոնավիրուսով։ Առաջին իսկ օրը, երբ բարձրացավ ջերմությունս, ինքնամեկուսացել էի, սակայն չորրորդ օրը կորցրեցի նաև հոտի և համի զգացողությունը։ Հասկացա, որ ես էլ եմ վարակվել։
Պետք է անկեղծ ասեմ, որ հիվանդությունը շատ ծանր անցավ, բայց ես չէի կարող հուսահատվել, քանի որ դա նույնպիսի պայքար է, որին հարկավոր է հաղթել։ Այժմ ամեն ինչ լավ է, վերջին թեստը բացասական է եղել, սակայն դեռ պետք է 14-օրյա կարանտին անցնեմ», - իր սոցցանցում գրել է անվանի բռնցքամարտիկը, որը ծնունդով Հայաստանից է։
Նշենք, որ Միխայիլ Ալոյանն այժմ հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։