Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գնալու եմ ճակատ, մի քարի տակ նստեմ, կրակեմ․ ագարակցի Լյովա պապը ուզում է թոռան կողքին կանգնել (տեսանյութ)

Հրացան եմ վերցնելու, գնամ ճակատ, մի քարի տակ նստեմ կրակեմ․ ագարակցի Լյովա պապը պատրաստ է թոռան կողքին կանգնել

 «Ունեմ երկու թոռ, մեկ տղա, երեքն էլ այս պահին պաշտպանում են մեր սահմանները»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հպարտությամբ ասում է ագարակցի  Մելս Հայրապետյանը, բայց, ինչպես բոլորը, անհանգստությամբ հետեւում է զարգացումներին։   Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ սահմանամերձ Ագարակում  մարդիկ ապրում են առօրյա կյանքով։  Նախիջեւանին սահմանակից այս բնակավայրում խուճապ չկա։

«Երեխեքին թողնենք կռվի դաշտում գնա՞նք, կամ իրենք կռիվը թողնե՞ն, ոնց կարելի է»,-զարմանում է Հայրապետյանը։

Ագարակցի Լյովա պապն էլ, ում թոռը ևս մասնակցում է ռազմական գործողություններին, ասում է․

«Մինչև կյանքիս վերջ Ագարակում եմ մնալու, հրացան եմ վերցնելու գնամ ճակատ, մի քարի տակ նստեմ կրակեմ»։

Ագարակցի Ավո պապի խոսքով` իրենց ուրախությունը նվազել է, բայց հաղթանակին սպասում են ամեն վայրկյան՝ չնահած  մի քանի պատերազմ տեսած պապի համար տեղի ունեցողը  սովորականներից չէ։

Ագարակի վարչական շրջանի ղեկավար Սվետլանա Առաքելյանի խոսքով՝ քաղաքից զոհեր կան, բայց մարդկանց տրամադրվածությունը հաղթական է։

Վարչական շրջանի ղեկավարի պնդմամբ՝ Ագարակում մարդկանց  զբաղվածության խնդիր չկա, նույնիսկ աշխատուժի պակաս կա․

«Պղնձամոլիբդենային կոմբինատը մեր քաղաքում է, մեծամասնության աշխատանքը այնտեղ է, ինչպես նաև Մեղրիի մաքսային կետն է տեղակայված այստեղ, կա նաև զորամաս, որտեղ էլի շատ մարդիկ են աշխատում, զուգահեռ բնակչությունը զբաղվում է նաև այգեգործությամբ»։

Ագարակի փողոցներում երեխաները վազվզում են, գնդակ խաղում, քաղաք եկած հյուրերի ով լինելով հետաքրքրվում։ Այս ամենին զուգահեռ, սակայն, բոլորի քննարկումների առանցքում պատերազմն ու հաղթանակն են։

10-ամյա Ռազմիկի հայրը այս պահին ահմանին է, ասում է՝ հայրկի հետ խոսել է, վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու, հայրիկն էլ մի քանի օրից վերադառնալու է․

«Կուզեմ, որ ոչ մի զոհ չունենանք և թող հայրենիքը պաշտպանեն»։

Ագարակցի մեկ այլ տղայի՝ Ստյոպայի մայրն է զինվորական, ասում է՝ պատերազմը շատ բան է փոխել, բայց հավատում է՝ հաղթելու ենք, սահմանը պահող ավագ ընկերներին էլ ասում է․

«Թող իրենց լավ պահեն, չմրսեն, տաք շորեր հագնեն և չզոհվեն»։