Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մալաթիան» հրաժարվել էր

Սպորտ

Այսօր Երեւանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ բասկետբոլի Հայաստանի 2010 թ տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբերի բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցեցին առաջնություններին հայտավորված 11 թիմերը` 6-ը կանանց, 5-ը` տղամարդկանց: Տեղում պարզվեց, որ տղամարդկանց «Մալաթիա» թիմը, որը ընդգրկված էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախնական ցուցակում, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Նա հույս հայտնեց, որ առաջնության մասնակիցներն այս խաղերի օգնությամբ կբարձրացնեն իրենց վարպետությունը եւ նրանց բազայի վրա կստեղծվեն հավաքականներ, որոնք կկարողանան նվաճել օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Բացման արարողությունից հետո ասպարեզ մտան «Հատիսի» եւ «Արցախի» բասկետբոլիստուհիները, որոնք արդեն անցկացրին իրենց անդրանիկ հանդիպումն առաջնությունում: Ի դեպ, այսօր նախատեսված բոլոր 5 խաղերն էլ տեղի ունեցան «Միկա» մարզադահլիճում, իսկ հետագայում յուրաքանչյուր թիմ իր հանդիպումները կանցկացնի սեփական հարկի տակ:

Տղամարդկանց առաջնության առաջին շրջանը կավարտվի հունիսի 3-ին, իսկ կանանց` հունիսի 6-ին: Ապա առաջնություններում կտրվի երկամսյա ընդմիջում:

Բասկետբոլի Հայաստանի 2010 թ առաջնության մասնակից թիմերը

Կանանց առաջնություն. «Հատիս», «Գրանդ Քենդի», «Էրեբունի» (բոլորն էլ Երեւան),
ԳՄՀ (Գյումրի), «Գյումրի», «Արցախ» (Ստեփանակերտ):

Տղամարդկանց առաջնություն. «Հատիս», «Պոլիտեխնիկ» (երկուսն էլ Երեւան), «Գյումրի», «Արցախ», «Էջմիածին»: