Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան Սաղաթելյան
A A
Պաշտոնական

Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է

Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։ Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում. հանուն ազատ, անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի՝ ճակատում կողք-կողքի զոհվում են հայր ու որդի, զույգ եղբայրներ...

Օրվա պատասխանատուները ոչ սխալվելու իրավունք, ոչ էլ հապաղելու ժամանակ ունեն։ Նորից եմ կրկնում՝ հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդյունավետ մեկտեղում և օգտագործում։ Հասկացեք՝ մեր առաջարկ-պահանջի մեջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկա, սա պահի լրջության թելադրանքն է, սա է պահանջում մեր պետության և ժողովրդի շահը։

Հ.Գ.

Մեծապես կարևորում եմ, որ գոնե պատերազմի այս օրերին իրավիճակը սթափ գնահատող, իրական համախմբում ապահովող, գործնական և անկեղծ տեսակետ հայտնող անհատները, մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները լինեն առաջին պլանում և թույլ չտան, որ որոշ բախտախնդիր, անհայրենիք հիմարներ հասարակությանը կերակրեն ստով և կեղծիքով: Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն էլ կգա, իսկ մինչև այդ պետք է արձանագրել, որ դժբախտություն է, երբ քո երկրում հասարակական կարծիքի ձևավավորման վրա ազդեցություն ունեն անհայրենիք, իրականությունից կտրված ստահակները, բայց կրկնակի դժբախտություն կարող է լինել, եթե կարևոր որոշումները ընդունվեն այդպիսինների ձևավորած մթնոլորտի արդյունքում։

Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան