A
A
«Մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
Ինչ վերաբերում է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների ներգրավվածությանը մարտական գործողություններին, ապա դրանք, բանախոսի հավաստմամբ, Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին․
«Այդ ինքնաթիռները ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները։ Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդանավակայանում: Ընդ որում, պետք է նշեմ, որ F-16-երի վերաթռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով», - ասաց Գարիկ Մովսեսյանը:
Բանախոսը ներկայցրեց մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ թուրքական ինքնաթիռները մասնակեցել են ռազմակն գործողություններին։ Մովսեսյանը վստահեցնում է նաև, որ Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվել են թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ․
«Դրանք հիմնականում թուրքական «Բայրաքտարներն» են, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում, վարել ակտիվ հետախուզություն և ուղղորդել կրակային միջոցներին: Միաժամանակ, սուտ է այն տեղեկությունը, որ ՀՀ տարածքին հարվածներ չեն հասցվել: Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որի հետևանքով ունենք վիրավորներ և զոհեր», - ասաց բանախոսը:
Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետը հավելեց նաև, որ 18 օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մնացածը տարբեր բնույթի անօդաչու թռչող սարքեր են։