Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 14.10.
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Ուկրաինան առաջին անգամ հաղթում է Իսպանիային, Մալթան՝ Լատվիային

ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի մրցաշարում կայացան 4-րդ տուրի առաջին խաղերը:

Ա լիգայում միանգամից գրանցվեց երկու անակնկալ: Նախ Ուկրաինայի հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Իսպանիային, որը պարտություն չէր կրել վերջին երկու տարում: Միաժամանակ, ուկրաինացիներն առաջին անգամ կարողացան հաղթել իսպանացիներին: Նախորդ վեց հանդիպումներում Իսպանիան 5 հաղթանակ էր տոնել, ընդ որում վերջին չորսում գոլ բաց չէր թողել:

Երկրորդ անակնկալը գրանցվեց Գերմանիա – Շվեյցարիա խաղում: Հյուրերը վստահ սկսեցին խաղը և սկզբում երկու գոլ խփեցին: Գերմանացիները չնայած հավասարեցրին հաշիվը, սակայն շվեյցարացիները քիչ անց երրորդ գնդակն ուղարկեցին Մանուել Նոյերի դարպասը: Տանտերերին պարտությունից փրկեց Սերժ Գնաբրիի խփած գոլը՝ 3:3:

C լիգայում երեք անընդմեջ հաղթանակ տոնած Չեռնոգորիայի հավաքականը սեփական դաշտում անսպասելի պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն՝ 1:2: Երկու թիմերն այժմ ունեն 9-ական միավոր և միասին գլխավորում են 1-ին խմբի աղյուսակը:

D լիգայում անակնկալ մատուցեց Մալթայի հավաքականը, որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց Լատվիայի թիմին և առաջին անգամ հաղթեց իր մրցակցին: Սա մալթացիների երկրորդ հաջողությունն էր մրցակցի հարկի տակ: Վերջին անգամ նրանք հյուրընկալվելիս հաղթել էին Հայաստանի հավաքականին, 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում (1:0):

Վերջին վեց տարում առաջին անգամ պարտություն չկրեց Եվրոպայի ամենաթույլ հավաքականը՝ Սան Մարինոն, որը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Մինչ այդ սանմարինացի ֆուտբոլիստները կրել էին 40 անընդմեջ պարտություն, որոնցում խփել էին 4, բաց թողել 173 գոլ:

Այսօր կկայանան Ազգերի լիգայի 4-րդ տուրի մնացած հանդիպումները: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Տալինում մրցելու է Էստոնիայի ազգային թիմի հետ: Խաղի սկիզբը՝ ժամը 22:45-ին: