Խթանելու են էկոտուրիզմը
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ տարվանից Շիրակի մարզում գործելու է «Արփի լիճ» ազգային պարկը, որտեղ խթանվելու է էկոտուրիզմի զարգացումը:
Ազգային պարկը մտնում է անդրսահմանային տարածքի մեջ, ուստի Վայրի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ համագործակցության բանակցություններ են տարվում նաեւ հարեւան Վրաստանի ու Թուրքիայի հետ:
Ներկայումս կառուցվում է ՙԱրփի լիճ՚ ազգային պարկի վարչական շենքը, որի հիմնաքարը դնելուն մասնակցել են Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս - Յոխեն Շմիդտը եւ Շիրակի մարզպետը:
Արփի լճի տարածքում ազգային պարկ հիմնադրելու ծրագրի պայմանագիրը, կնքվել Է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության եւ Գերմանիայի ՙՎերակառուցման ու զարգացման՚՝ KFW բանկի միջեւ: Այն պաշտոնապես մեկնարկել է 2008 թվականի հունվարից:
Ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 միլիոն 200 հազար եվրո: Վարչական շենքի կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին եւ արդեն հաջորդ տարվանից կհանձնվեն շահագործման:
Այս տարածքում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է պետական հատուկ քաղաքականություն՝ զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու համար: Սակայն այդ ամենից զատ հարկավոր է բարեկարգել Գյումրիից Արփի լիճ տանող ճանապարհը:
Գյումրի «Ցայգ» ՀԸ