Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Հայկական զինուժը չի թիրախավորել դիերը հավաքող սանիտարական մեքենան. Ադրբեջանի հերթական կեղծիքը

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումն այն մասին, թե հայկական զինված ուժերը Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ են արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

ՊՆ-ն նշում է, որ հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:

«Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա»,- նշում է ՊՆ-ն: