Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ես հասկացա՝ բարին միշտ հաղթում է չարին․ արցախցի փոքրիկ (տեսանյութ)

Արցախցի փոքրիկներն այսօր կինոթատրոնում էին։ Արմեն Սիմոնյանի «Ձյունանուշ» ֆիլմը հատուկ նրանց համար էր  ցուցադրվում։  Ֆիլմը պատահական չի ընտրվել․ այս ծանր  օրերին ամանորյա թեման փոքրիկներին տեղափոխում է այլ իրականություն։

1,5 ժամ անց փոքրիկները տպավորված են ու ոգևորված։

Ստեփանակերտից եկած փոքրիկ Մարատը ֆիլմի ավարտին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ ֆիլմն իրեն դուր է եկել և ևս մեկ անգամ համոզել, որ բարին միշտ հաղթում է չարին։

9-ամյա Դայանան ևս Ստեփանակերտից է. ասում է՝ այնտեղ կռիվ էր, բայց երբ հարցնում ենք՝ Երևանում, թե՞ Ստեփանակերտում էր ավելի լավ, ասում է՝ երկու տեղում էլ շատ լավ է։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը կցանկանար, որ նման  ցուցադրություն կազմակերպելու առիթը չլիներ, պատերազմն էլ   շուտ ավարտվեր, բայց քանի դեռ երեխաները Հայաստանում են, նրանց օրերը պետք է լցվեն կրթությամբ և մշակույթով․

«Կլինեն հանդիպումներ ռեժիսորների հետ, դերասանների հետ, մուլտերը ստեղծողների հետ, կլինեն դասընթացներ, որպեսզի երեխաների ժամանցը կարողանանք կազմակերպել»։

Մանուկյանի խոսքով՝ ցուցադրություններ կլինեն առանվազն շաբաթը մեկ-երկու անգամ, որոնք բաց կլինեն ոչ միայն Արցախից եկած փոքրիկների, այլև բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել։

 «Ձյունանուշ» ֆիլմի սցենարի համահեղինակ Անահիտ Արփենն հավելեց, թե հուզված է, քանի որ երեխաներին կարողացան ինչ-որ չափով կտրել իրենց առօրյայից․

«Երջանկություն պատճառեցինք երեխաներին, փոխադարձաբար մենք երջանկացանք»։

«Ձյունանուշ» ֆիլմի ցուցադրությունը  կազմակերպել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը համատեղ։