ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա մանրամասներ է ներկայացրել Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցից:
«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: