Հեծանվավազք-քարոզարշավ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայաստան - Լեռնային Ղարաբաղ հեծանվավազքը, որին կմասնակցեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 40 պատանի հեծանվորդներ (20-ական մարզիկ յուրաքանչյուր հանրապետությունից):
Հեծանվորդները, որոնցից ամենակրտսերը 12 տարեկան է, իսկ ավագը` 17, այսօր կհասնեն Ղարաբաղի սահման: Այնտեղ նրանց կմիանան տեղի մարզիկները, եւ արդեն հաջորդ 6 օրվա մեջ մասնակիցները կլինեն Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքներում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության քաղաքականության բաժնի պետ Արսեն Սողոմոնյանը, հեծանվավազքը համատեղ կազմակերպել են մեր նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
«Հեծանվավազքն ավելի շատ քարոզարշավ է լինելու: Մեր նպատակն է էլ ավելի խորացնել Հայաստան - Լեռնային Ղարաբաղ մարզամշակութային կապը, կրկին անգամ հարգել Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը, բարձրացնել մատաղ սերնդի հայրենասիրական ոգին: Մասնակիցները կլինեն Լեռնային Ղարաբաղի բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել թեժ մարտեր: Նրանք կհանդիպեն ազատամարտիկների հետ, ծաղկեպսակներ կդնեն զոհված ազատամարտիկներին նվիված հուշակոթողներին:
Հեծանվավազքը կավարտվի մայիսի 17-ին, Քաշաթաղում, որը հենց այդ օրն է ազատագրվել արցախյան բանակի կողմից: