Շնորհակալություն եւ ... ներողություն
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում, որը այսօր կայացավ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, հանրապետության չեմպիոն «Փյունիկը» խոշոր` 4:0 հաշվով պարտության մատնեց «Բանանցին» եւ երկրորդ տարին անընդմեջ տիրեց պատվավոր մրցանակին:
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Դավիթ Մալոյանը, ապա 41-ին կրկնապատկեց Մարկոսը, իսկ առաջին խաղակեսում մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը երրորդ գոլը խփեց: Ընդմիջումից հետո վերջինս երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ հաշիվը դարձրեց 4:0:
Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ հրավառություն, որից հետո տոնական մթնոլորտում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գավաթն հանձնեց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանին: Ի դեպ, ՀՖՖ-ն նոր գավաթ էր պատրաստել հաղթողի համար, իսկ հին գավաթը վերածվել է թանգարանային նմուշի:
Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ետխաղյա մամուլի ասուլիսին նախ շնորհակալություն հայտնեց թիմի երկրպագուներին բուռն աջակցության համար, իսկ ահա «Բանանցի» նրա գործընկեր, մակեդոնացի մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին, հակառակը, ներողություն խնդրեց ակումբի հովանավորներից, ղեկավարությունից եւ նվիրյալներից:
«Խաղից կարելի էր այնպիսի տպավորություն ստանալ, որ «Փյունիկը» հեշտ հաղթանակ տարավ, սակայն իրականում մինչեւ վերջին րոպեն լարվածություն կար խաղում: Այսօր մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Ես հենց այսպիսի խաղի էի սպասում թիմից», - ասաց Վարդան Մինասյանը:
«Մինչեւ առաջին գոլը մենք էինք տիրում նախաձեռնությանը դաշտում: Պաշտպանությունում վատ խաղացինք, շատ սխալներ թույլ տվեցինք, ուստի թույլ գոլեր բաց թողեցինք: Իսկ առջեւի գծում մեր մոտ ոչինչ չստացվեց», - եզրակացրեց մակեդոնացի մասնագետը: