Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատերազմող Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդարի շարունակություն․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Մենք բոլորս ակնկալում էինք, որ այս իրավիճակում, երբ օդի ու ջրի պես մեզ պետք էր միասնականությունը, դատարանը հավատարիմ կմնար օրենքին և իրավունքին, բայց ցավոք սրտի, այս դատարանը ևս հավատարիմ մնաց այս ողջ գործընթացի քաղաքական ենթատեքստին»,-այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չփոխելու դատարանի որոշմանը։

Զոհրաբյանը պնդեց՝ այս իրավիճակում ևս մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարից․

«Մենք այսօր պետք է հասկանանք, որ ունենք մեկ միասնական թշնամի՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը»։

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ վերահաստատեց իրենց դիրքորոշումը, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի վստահեցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը իր կապերով և հնարավորություններով տասնապատիկ ավելին կարող էր անել այս օրերին, եթե գտնվեր ազատության մեջ․

«Մենք այս օրերին բազմաթիվ անգամ կարևորել ենք միասնականության, համերաշխության դերը, բայց ևս մեկ անգամ ցավալիորեն առիթ ունենցանք համոզվելու, որ իրավական որևէ հենք չունեցող քրեական գործի շրջանակներում քաղաքական ենթատեքստ պարունակող գործընթացներ են տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»։

Տոնոյանը վստահեցրեց՝ թե Ծառուկյանի, թե իրենց խմբակցության կողմից բազմաթիվ աջակցություններ են ցուցաբերվում և՛ բանակին, և՛ ընտանիքներին։ Պատերազմող Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդարի շարունակություն,-գործընկերների տեսակետը շարունակում է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը և հավելում, թե իր մոտ տպավորություն է, որ Հայաստանում կան մարդիկ և կառույցներ, որոնք չեն հասկանում ՝ինչ է կատարվում երկրում։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանների դիմումը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։