Հյուրեր Բուլղարիայից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում են բուլղարահայ մարզական գործիչներ, հայտնի ծանրամարտիկ, Բուլղարիայի ազգային հերոս Նորայր Նուրիկյանը, նշանավոր բասկետբոլային մրցավար Արտեմնիկ Արաբաջյանը եւ Բուլղարիայի ու Բալկանյան երկրների բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը:
Այսօր նրանց հյուրընկալել են ՀԱՕԿ-ի նստավայրում: Բ. Կասաբյանին հանձնվել է ՀԱՕԿ -ի նախագահի շնորհակալագիր` հայկական բադմինթոնում ունեցած մեծ ծառայությունների համար (նա ամեն տարի Հայաստանից մարզիկներ է հրավիրում Բուլղարիա` ուսումնամարզումային հավաքներ անցկացնելու համար, բացի այդ նրանց մշտապես ուղեկցում է միջազգային մրցաշարերին): ՀԱՕԿ-ի հավաստագրերով և «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով պարգեւատրվել են Նորայր Նուրիկյանն ու Արտեմնիկ Արաբաջյանը:
Վերջինները Բուլղարիայի հայ համայնքի եւ ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուշանվերներ փոխանցեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ Նորայր Նուրիկյանը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, իսկ Արտեմնիկ Արաբաջյանը եղել է 1972 թ օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ ԽՍՀՄ - ԱՄՆ հանրահայտ հանդիպման (խաղի ելքը վճռվել է վերջին վայրկյանին, երբ խորհրդային բասկետբոլիստներին հաջողվել է կատարել հաղթական նետում) մրցավարներից մեկը: