Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք կարող անընդհատ պատանդ լինել»

Հարցազրույց

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Տոնի նախօրեին «Ա1+»-ը երկու հարց է ուղղել Երկրապահ կամավորական միության ղեկավար, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:

- Վերջերս առանձնահատուկ քննարկման թեման է դարձել այն, թե ինչո՞ւ են ԵԿՄ-ին անդամագրվում մարդիկ, ովքեր չեն մասնակցել պատերազմին: Ինչ-որ ուրիշ խնդի՞ր եք դրանով լուծում:

- Երկրապահը ողջ հայ ժողովուրդն է, բոլոր նրանք, որ ապրում են իրենց հայրենիքում, շենացնում են հայրենիքը: Եթե պատերազմին մասնակցել ասելով` հասկանում եք միայն նրանց, ով զենքով էն օրերին սահմաններում էր, ուրեմն` ընդամենը 20 000 մարդ է մասնակցել պատերազմին, ոչ ավելի: Քսան հազարի կեսն էլ իրականում մարտական գործողությունների չի մասնակցել. նրանք ռեզերվ էին:

Բայց մի՞թե երկրապահ չեն նրանք, որ պահում էին մեր թիկունքը: Եթե ողջ Հայաստանի ժողովուրդն այդ օրերին չապրեր «Ամեն ինչ սահմանի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ Արցախի համար» նշանաբանով, մենք ո՞նց կհաղթեինք պատերազմում: Եթե դեռ նոր երկրաշարժ տեսած, անտուն մնացած, սոցիալական խնդիրների առաջ ծնկած գյումրեցին, սպիտակցին թողնեին հեռանային երկրից, այլ ոչ թե հերոսաբար մնային ու իրենց չափով ներդրում ունենային ճակատի համար, կհաղթեի՞նք պատերազմում:

Կռվին մասնակցել են բոլոր նրանք, ով որ դժվար տարիներին մնաց ու ապրեց Հայաստան-Արցախում: Երկրապահ չե՞ն նրանք, որ այսօր էլ, սահմանին բնակվելով, ամրացնում են այն: Ո՞նց կարաս ասես` երկրապահ չէ էն սփյուռքահայը, որ աջակցել եւ աջակցում է հայրենիքի շենացմանը: Այսօր մեր սահմանը հսկող զինվորը երկրապահ չէ՞: Երկրապահ չե՞ն մեծ հայրենականի վետերանները: Երկրապահ չե՞ն մեր մտավորականները, որ գրիչով են պայքարել եւ պայքարում, բժիշկները, որ իրենց կլինիկաներում բուժել եւ բուժում են հաշմանդամ ազատամարտիկներին: Կրկնում եմ` երկրապահ է ողջ հայ ժողովուրդը: Թե՞ դուք կամենում եք ԵԿՄ-ն տեսնել որպես սոսկ վետերանական, ծերացող, սպառվող կառույց: Էդ մեծ ճոխություն չի՞ Հայաստանի համար:

Համարում եք, որ պատերազմն ավարտվե՞լ է, որ էլ երբեք չկա՞ պատերազմի սպառնալիք: Իսկ մենք այլ կարծիքի ենք: Մենք առաջնորդվում ենք «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի» հայտնի կարգախոսով: Մենք կարծում ենք, որ սերնդափոխությունը երկրապահում պարտադիր է: Մենք համարում ենք, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի: Երկրապահը հայի լավագույն տեսակն է` երկիրը պահող, օրվա 24 ժամը երկրի հոգսերով ապրող հայը: Եվ այսօր մեր կառույցում շատ են այդպիսի մարդիկ:

- Իսկ Ձեր կամ ԵԿՄ-ի դիրքորոշումը նու՞յնն է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների եւ հայ-թուրքականի վերաբերյալ. մնում եք արմատակա՞ն:

- Բա ի՞նչ անենք: Նախ` դեմ ենք, որ նշված երկու հարցերը իրար հետ կապվեն: Արցախի հարցում մենք ընդհանրապես զիջելու բան չունենք: Անկուշտ թուրքը պատերազմ է սկսել մեր դեմ, մենք էլ նրան խաղաղություն ենք պարտադրել` մեր ընկերների արյամբ գծելով նաեւ այն սահմանը, որ կերաշխավորի Հայաստանի, Արցախի անվտանգությունը, դրա խախտումը վտանգավոր է:

Ամեն մի թիզ հող կորցնելը նշանակում է առաջին` Ադրբեջանին դիրքային առավելություն տալ, երկրորդ` մեծացնել Ադրբեջանի հետ սահմանը: Իսկ դա լրացուցիչ մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրս է պահանջում: Ինչ մնում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ասեմ` նորմալ հարեւանությանը դեմ չենք, եթե այդ խնդիրը չի կապվում Ղարաբաղի հետ, եթե չենք ուրանում պատմությունը, չենք հրաժարվում ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, փոխհատուցման պահանջից:

Մենք չենք կարող ներել թուրքերի մեղքը, քանի դեռ իրենք չեն գիտակցել դա, չեն զղջացել, ներողամտություն չեն հայցել: Ու ասեմ Ձեզ, նաեւ պարտադիր է, որ մեր օրենքները, մեր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցվի այն վիճակին, որ Թուրքիայի հետ բաց սահմանների դեպքում ոչ թե նոր կորուստներ ունենանք, այլ իրոք շահենք: Մենք չենք կարող անընդհատ թուրքական խորամանկ դիվանագիտության պատանդի կարգավիճակում մնալ: