Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն օլիմպիական ուղեգրերի

Սպորտ

Այս տարվա օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպաիական խաղերին Հայաստանից առայժմ իրավունք ունեն մասնակցելու 4 մարզիկներ. երկու ծանրորդ, մեկական ձյուդոիստ եւ մարմնամարզիկ: Նրանց թիվը կավելանա, եթե մեր պատանի մարզիկները հաջողությամբ հանդես գան առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին:

Մասնավորապես, մայիսի 20-23-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կանցկացվի նմանատիպ մրցումներ ըմբշամարտից, որին կմասնակցեն Հայաստանի 10 պատանի ըմբիշներ (5-ական հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտում): Սինգապուրյան խաղերի ուղեգրեր նվաճելու համար նվազագույնը հարկավոր է մտնել եզրափակիչ: Մասնագետների կարծիքով լավագույն հնարավորություններ ունեն ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ալբերտ Վարդանյանը:

Ահա Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը, որը կմասակցի Պոզնանի վարկանիշային մրցաշարին.
Հունահռոմեական ոճ` Ալբերտ Վարդանյան (42 կգ քաշային կարգ), Ռուդիկ Մկրտչյան (50 կգ), Սուրեն Հասրաթյան (58 կգ), Ասատուր Առաքելյան (69 կգ), Վարոս Պետրոսյան (85 կգ), ազատ ոճ` Արտակ Հովհաննիսյան (42 կգ), Գոռ Գրիգորյան (54 կգ), Սամվել Պետրոսյան (63 կգ), Գեւորգ Համբարձումյան (76 կգ), Համլետ Աբրահամյան (100 կգ):

Մայիսի 21-23-ը Մոսկվայում կանցկացվի վարկանիշային մրցաշար աթլետիկայից: Դրան կմասնակցեն մեր 4 մարզիկ-մարզուհիներ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար այդ մրցումներում անհրաժեշտ է գրավել միմիայն առաջին տեղը:

Ի դեպ, սեղանի թենիսի մրցումներին մասնակցելու իրավունք նվաճելու համար աշխարհի երկրների պատանի թենիսիստները պետք է մասնակցեն Վենեսուելայում անցկացվող վարկանիշային մրցաշարին, ընդ որում այդտեղ խաղարկվելու են ընդամենը երեք ուղեգրեր: