Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզադա՞շտ, թե՞ ստադիոն

Սպորտ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստոիտուտի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան (նախագահ Յուրի Ալեքսանյան) ինստիտուտի եւ Հայաստանի օլիմպիական ակադեմիայի հետ համատեղ անցկացրեց սեմինար-խորհրդակցություն` նվիրված մարզական տերմինաբանությանը:

Խորհրդակցությանը մասնակցեցին ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը, մարզական լրագրության բաժնի վարիչ` Ռոլանդ Շառոյանը, բաժնի դասախոսական կազմը, ուսանողները ,մարզական լրագրողներ:

Խորհրդակցության ժամանակ հիմնականում խոսք գնաց ԶԼՄ-ներում օգտագործվող մարզական տերմինների մասին:

Ինչպես նշեցին մասնակիցները, մեր սպորտային տերմինաբանությունը դեռեւս փնտրտուքների ճանապարհին է եւ դեռ ուղղվելու կարիք ունի: Մասնավորապես, վերջին տարիներին ստադիոն բառի փոխարեն օգտագործվում է մարզադաշտ բառը:

Սակայն հայերենի բարձրագույն կոմիտեի մարզական տերմինների հանձնաժողովի նախագահ Միքայել Իսպիրյանը պարզաբանեց, որ Երեւանի «Հանրապետականն» ու «Հրազդանը» պետք է անվանել ստադիոն, այլ ոչ թե մարզադաշտ, ինչպես հանդիպում ենք տարբեր լրատվամիջոցներում:

Խոսք գնաց նաեւ օլիմպիական չեմպիոնների մասին: Օրինակ, հայտնի հեռուստալրագրող Սլավա Սարգսյանը գտնում է, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող հայ շախմատիստներն ամենեւին էլ օլիմպիական խաղերի չեմպիոններ չեն, ինչպես նրանց ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ գովազդում են փողոցներում տեղադրված վահանակները: «Շախմատը օլիմպիական մարզաձեւ չէ, ուստի շախմատիստները չեն կարող լինել օլիմպիական խաղերի չեմպիոններ», - եզրակացրեց հեռուստամեկնաբանը:

Ռոլանդ Շառոյանը նշեց, որ ֆուտբոլային ռեպորտաժների ժամանակ մեր մեկնաբանները հաճախ են սխալ տերմիններ օգտագործում. «Ֆուտբոլային խաղերին մեկնաբաններն անընդհատ նույն սխալն են թույլ տալիս: Նրանք գոլ բառի տեղը օգտագործում են գնդակ բառը. գնդակ խփեցին, գնդակ գրանցվեց դարպասում եւ այլն»:

Ի դեպ, խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ արեւմտահայերենում օգտագործվող ճատրակ մարզական տերմինը ընդունված է ոչ թե Հայաստանում, այլ ... Վրաստանում, իհարկե, իրենց տարբերակով` ճատրակի:

Նշենք, որ ճատրակը հնագույն հայերենով նշանակում է շախմատ: