Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 30.09..
A A
Սպորտ

Եվրոպայի բռնցքամարտիկներն այս տարի կմասնակցեն երեք առաջնության

Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի՝ EUBC-ի նախագահ Ֆրանկո Ֆալչինելլին և կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներն այսօր հեռակապով կազմակերպված հանդիպման ժամանակ հաստատել են EUBC-ի կողմից մինչև տարևերջ նախատեսված մրցաշարերի ժամկետներն ու մրցավայրերը: Այդ մասին հայտնում է կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

2020թ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-23-ը, Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում, որին կմասնակցեն 2002-2003թթ ծնված բռնցքամարտիկները:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 3-ը տեղի կունենա Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ մինչև 15-16 տարեկան բռնցքամարտիկների մասնակցությամբ: Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 8-18-ը, Իտալիայի Սարդինիա կղզու Օլբիա քաղաքում:

2021 թվականին Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիան առաջնություններ կանցկացնի 4 տարիքային խմբերում: Մասնավորապես՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա 2021թ հուլիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 

Եվրոպայի մեծահասակների 2021թ առաջնությունը չեղարկվել է, քանի որ դրա փոխարեն կայանալու են օլիմպիական խաղերի երկու վարկանիշային մրցաշարեր: