Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» լիովին աջակցել է Հենրիխ Մխիթարյանին՝ ղարաբաղյան առճակատման հարցում

Ֆուտբոլային ակումբները սովորաբար չեն խրախուսում այն ֆուտբոլիստներին, որոնք քաղաքական հայտարարություններ են անում: Սակայն, ինչպես նշում է իտալական  La Gazzetta dello Sport-ը, Հռոմի «Ռոման» իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բացառության կարգով ազատություն է տվել սոցցանցով նման հայտարարություններ անելու հարցում: Ինչպես նշում է թերթը, նման դրա պատճառն այն է, որ ֆուտբոլիստի հարազատ երկիրը՝ Հայաստանը, այժմ պատերազմ է մղում Ադրբեջանի դեմ՝ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար:

«Հենրիխ Մխիթարյանն այժմ մտովի գտնվում է իր հայրենիքում, հայրենակիցների հետ, ուստի նա չէր կարող զերծ մնալ քաղաքական հայտարարություններից: Նա լինելով Հայաստանի խորհրդանիշը, ամեն գնով ցանկանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել իր երկրում տեղի ունեցող սարսափելի պատերազմի վրա», - գրել է հոդվածի հեղինակը:

Հենրիխ Մխիթարյանն երեկ իր ֆեյսբուքյան էջում կատարել է հերթական գրառումը, որը շատ ավելի մտահոգիչ է, քան՝ առաջինը. 

«Լեռնային Ղարաբաղի դեմ դեռ շարունակվում են ծանր մարտական գործողությունները, երկու կողմից էլ կան շատ զոհեր: Հայաստանի տարածքը ևս ռմբակոծությունների է ենթարկվել: Այդ բռնության ու մարդկության դեմ հանցագործության անհապաղ դադարեցումն անհետաձգելի ու կենսական կարևորություն ունի: 

Թուրքիան մասնակից է այդ հարձակմանը, քանի որ օտարազգի վարձկանների է հավաքագրում հայերի դեմ: Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին անմիջապես միջամտել, որպեսզի խուսափենք նոր ցեղասպանությունից», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:

 

Հարկ է նշել, որ այդ կապակցությամբ իր անձնական սոցէջում գրառում է կատարել նաև Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ով աշխատում է Եվրոպայի ֆուտբոլային միությունում: