Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 քաղաքներում եւ ԼՂՀ-ում

Սպորտ

Մայիսի 8-ից հանրապետությունում կանցկացվեն մարզական փառատոններ:

Ամեն տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերվող մարզական փառատոններն այս տարի կմեկնարկեն մայիսի 8-ից: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին նախարարության համապատասխան բաժնում:

Դրանք տեղի կունենան հանրապետության բոլոր մարզերի 22 քաղաքներում եւ Ստեփանակերտում (ԼՂՀ): Մարզերի եւ քաղաքների ղեկավարներն արդեն ներկայացրել են այդ փառատոնների ժամանակացույցը եւ ծրագրերը: Այդ օրերին հանրապետության քաղաքներում կանցկացվեն մարզական զանգվածային միջոցառումներ: Ցուցադրական ելույթներով հանդես կգան մարզադպրոցների սաները, տեղի կունենան մրցումներ 7 մարզաձեւերից (յուրաքանչյուր մարզ ինքն է որոշում, թե ինչ ձեւերից է մրցումներ անցկացնելու):

Առաջինը մարզական փառատոնը կկայանա Կոտայքի մարզում, մայիսի 8-9-ը: Ապա նման միջոցառումեր են նախատեսված Արագածոտնի (15-16 մայիս), Արարատի (21-22 մայիս), Արմավիրի (28-29 մայիս), Գեղարքունիքի (5-6 հունիս), Լոռու (12-13 հունիս), Շիրակի (19-20 հունիս) մարզերում: Սեպտեմբերին մարզական փառատոններ կանցկացվեն արդեն Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում եւ Ստեփանակերտում:

Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չի նախատեսել այդպիսի փառատոններ հանրապետության մայրաքաղաք Երեւանում: