ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:
«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը՝ անհրաժեշտ համարելով Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելը:
Թովմասյանը հավաստիացրեց, որ արդեն ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ: