«Անտիլոպա խփելով ոչինչ չի փոխվելու» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազատամարտի եղբայրություն» կազմակերպության համակարգող Արարատ Ասրյանը «Ա1+»-ին վստահեցնում է, որ ԼՂՀ-ում կատարած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունները, մեղմ ասած, չեն ներկայացնում այսօր ԼՂՀ-ում առկա տրամադրությունները: Հիշեցնենք, որ Ադիբեկյանի հարցումների համաձայն' այսօր ԼՂՀ-ում բնակչությունը ԼՂ հարցի լուծումը վստահում է Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, ՌԴ իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանին եւ այլն:
- Բոլորը գիտեն, թե այստեղ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ինչ է անում Ահարոն Ադիբեկյանը, ինչ արդյունքներ են տալիս նրա հարցումները: Այսինքն, վաճառքի առարկա է: Ով նրան փող է տալիս, ինչ ասում է, նա էլ անում է: Ի՞նչ վերաբերում է ԼՂՀ ժողովրդին, ապա Ղարաբաղի ժողովուրդն այսօր դժգոհ է բոլորից, թե տնտեսական, թե ֆինանսական հարցերում: Շուտով մենք ելույթներ կունենանք եւ փաստերով ամեն ինչ կներկայացնենք: Ինչպես Ռուսաստանի մեր ընկերները գրեցին, թե Հայաստանում ինչ է կատարվել, այդ նույն վիճակն է նաեւ Ղարաբաղում:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Այսօր կանգնած ենք անդունդի եզրին: Այսօր անուններ չեմ ուզում տամ, առաջիկայում կտամ: Այսօր բոլորն ասում են, որ ԼՂ հարցում պետք է ինչ-որ բան զիջվի, իսկ ինչի՞ դիմաց' ոչ ոք չգիտի: Այն, որ թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա, դա հաստատ է:
- Այսօր ԼՂՀ բնակչությունը ո՞ւմ է վստահում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
- Նախ պետք է ասեմ, որ Ահարոն Ադիբեկյանը գնացել եւ նստել Ստեփանակերտում ինչ-որ մի տեղ, բերել են իշխող կուսակցության անդամների եւ հարցեր տվել նրանց: Ես ծագումով ղարաբաղցի եմ եւ շատ լավ գիտեմ ԼՂՀ բնակչության կարծիքը, մանավանդ ազատամարտիկների:
- Ինչո՞վ է մտահոգված այսօր ԼՂՀ բնակչությունը:
- Եթե ԼՂՀ-ում սպաների աշխատավարձներն էլ չլինեն, այսօր երկրում սոսկալի վիճակ է:
- Իսկ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ի՞նչ է մտածում ղարաբաղցին, «փոխզիջում» ասելով' ԼՂՀ բնակիչն այսօր ի՞նչ է հասկանում:
- Ես կխոսեմ իմ եւ ազատամարտիկների անունից: Ես գիտեմ, ինչ է նշանակում «փոխզիջում»: Այսօր մենք տալու բան չունենք, պահանջելու բան ունենք: Ինչ կասի Արեւմուտքը, դա մեզ չի հետաքրքրում: Մենք կռվել եւ պայքարել են բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով: Այսօր մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Աստված իշխանությունը տվել է իրեն: Մայիս ամսին ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու: Եկել է այն ժամանակը, երբ կեղծողը, ստողը հասկանալու է, որ կամ պետք է կրկնի 20-րդ դարի սկիզբը կամ' այսպես այլեւս հնարավոր չէ:
- Դուք նկատի ունեք, որ ԼՂ հարցո՞ւմ ժողովուրդը պետք է հասկանա, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ, թե՞ նաեւ մյուս խնդիրներում:
- Բոլոր հարցերում: Բոլորը մոռանում են, որ խորհրդային տարիների, այսպես կոչված «ցեխավիկները» ամեն ինչ կորցրեցին, նրանց ունեցվածքը դարձավ զրո: Հիմա նույն ժամանակն է: Անտիլոպա խփելով / այծքաղ/' ոչինչ չի փոխվելու: 2010թ. համարվում է «գոյությունների վկայություն»:
- Որսորդության մեջ Ռոբերտ Քոչարյանի «սխրանքները» ոմանց ոգեւորել է: Ձեզ դուր չեկա՞վ:
- Ես տղամարդկություն եմ տեսնում այն մարդկանց մեջ, ովքեր 4 տարի խրամատում կանգնեցին, իսկ այսօր սոված նստած սպասում են: Ասում են' ամենավտանգավոր կենդանին գազազած ոչխարն է, անտիլոպան չէ: Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից այս համեմատության համար, սակայն դա պետք է ասել: Այդ նույն անտիլոպա սպանողները թող Ղարաբաղում գային, խրամատում կանգնեին մեր կողքին: Այսօր մենք մենակ չենք: Մեր թիկունքում 7 հազար ազատամարտիկ կա: Նրանք այն ազատամարտիկներն են, որոնք որեւէ մեկին շեֆ չասացին, գնացին, պայքարեցին, հետ եկան:
- Ի՞նչ է պատճառը, որ այսօր պատերազմի մասնակիցները ավելի կտրուկ են խոսում ԼՂ հարցում, պատերազմի վտա՞նգ եք տեսնում:
- Պատերազմ տեսած մարդու զգայարաններն ավելի լավ են աշխատում, նրանք մահվան վախը զգացել են: Նրանք զգում են, որ այսօր եկել է այն պահը, երբ ինչ-որ մեկը որոշել է հենց այնպես, ԼՂ հարցում լավություն անել' զիջումներ անել, բայց ո՞ւմ, ինչի՞ համար. այս հարցերի պատասխանը չունի:
- Դուք, ազատամարտիկներդ ինչպե՞ս եք պատրաստվում կանխել ԼՂ հարցում ձեզ համար ոչ ընդունելի լուծումը:
- Ազատամարտիկը նախ ժողովրդին կբացատրի, որ ոչ ոքից վախենալ պետք չէ: «Օրորոցում կխեղդեմ» արտահայտությունները անլուրջ են: Ընդհանրապես, երբ մարդ իր վիճակից դուրս է գալիս, Սատանան վերցնում է նրա հոգին եւ թույլ է տալիս, որ նա ընկնի իր փորած փոսը: Ես գիտեմ ինչի համար եղավ «Հոկտեմբերի 27-ը», ինչ համար եղավ «Մարտի 1-ը», ինչի համար է այս ամբողջ քաշքշուկը: Ես որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի եմ ասում' բա-վա-կան է: Թող հիշեն, որ ինչ-որ տարել են, չեն վայելելու: Մարդ, որը մարդ է սպանել, պետք է պատասխան տա: Մարդ, որը Ղարաբաղի արյան վրա փող է աշխատել, պետք է պատասխան տա:
- Դուք առաջիկայում նաեւ դրան եք անդրադառնալո՞ւ:
- Այդ հարցերին մենք կանդրադառնանք, երբ այս մարդիկ հասկանան, որ իրենք արդեն վերջացած են: Այդ հարցերին կանդրադառնան նոր եկածները:
- Ձեր կարծիքով իշխանությունները հասկանալու են, որ իրենք վերջացե՞լ են:
- Այո: Հայաստանում կա 3 չլուծված հարց' «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» եւ ԼՂ հիմնախնդիր: Սերժ Սարգսյանին ուզում եմ խորհուրդ տալ' այսօր շատ մարդիկ ուզում են, որ նա փաստաթուղթ ստորագրի: Եթե նա ինչ-որ բան է ստորագրում, նրան կպցնում են ազգի դավաճան պիտակը եւ նա պատասխան է տալու «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի եւ ԼՂ հիմնախնդրի համար: Մի բան կարող եմ հաստատ ասել' 2 հարցի հետ Սերժ Սարգսյանը կապ չունի:
- Ո՞ր երկու հարցերի հետ կապ չունի Սերժ Սարգսյանը:
- «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1»-ի հետ: Այսինքն, նա կապ ունի այնքան, որ պաշտոն է զբաղեցրել: Այսօր ՀՀ ընդերքում իրար ուտում են: Դրանից վատ բան չկա: Հստակ անուններ կհայտնեմ մոտ ապագայում:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը