Բացել լրահոսը Փակել լրահոսը
BDF03EBB-1E10-4C07-8B8E-2BF5FD7FBAF3_w1023_r1_s
A A
Պաշտոնական

Միջազգային հանրության արձագանքը ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ

Ամերիկայի Ձայն

Երկրներն ու միջազգային կառույցներն արձագանքում են Լեռնային Ղարաբաղի շփման գծում հայկական ու ադրբեջանական ուժերի միջև ընթացող բախումներին

Միացյալ Նահանգներն արձագանքնել են հակամարտության լարվածության աճին: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ, ուր ընդգծել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Ցավակցություն հայտնելով զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ամենախստագույն կերպով դատապարտում է լարվածության այս աճը: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բեգոնն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Բայրամովի և Մնացականյանի հետ, որի ընթացքում հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, օգտագործել ուղիղ հաղորդակցության միջոցները, զերծ մնալ հետագա սրացումից և վնասարար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:

Միացյալ Նահանգները կարծում է, որ դրսի ուժերի մասնակցությունը ուժի կիրառման աճին խորապես անօգտակար է և միայն կնպաստի տարածաշրջանային լարվածությանը: Խոսնակ Օրտագուսն իր հայտարարության մեջ կողմերին հորդորել է աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար և ընդգծել, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ- ը պատրաստակամ է շարունակել օժանդակությունը կողմերին՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:

Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է՝ եկել հայտարարությամբ հակամարտության սրացման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ևս կոչ է արել դադարեցնել կրակը և բանակացություններ սկսել իրավիճակի կայունացման համար: Արտգործնախարար Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում իր խորին մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս հարցով արտգործնախարար Լավրովը զրուցել է նաև Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլու հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են կրակի դադարեցման և իրավիճակի կայունացման կարևորությունը: Բացի այդ, սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Զրույցը, ըստ Կրեմլի, կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում Մոսկվան խորը անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ առճակատման հետագա սրացումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Լարվածության աճի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունն ի դեմս իր մամլո խոսնակի հայտարարության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական ռազմական բախումների հետ կապված հարցեր: Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում՝ խաղաղություն վերահաստատելու համար:

Հայ-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման ու բանակցությունների վերսկսման կոչով հանդես են եկել նաև այլ երկրներ, ներառյալ Գերմանիան, Լեհաստանը, Վատիկանը, Իրանը, Ուկրաինան, Էստոնիան: Վերջինս որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, խոստացել է նախաձեռնել խորհրդակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները քննարկելու համար, հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն ֆեյսբուքյան իր էջում:

Ադրբեջանին իր աջակցության մասին է հայտնել Թուրքիան: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերյան գրառմամբ աջակցություն է հայտնել Բաքվին և Երանին մեղադրել հարձակման մեջ: Դրանից առաջ իր խոսնակը Հայաստանին է մեղադրել զինադադարը խախտելու ու քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու մեջ: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ՛՛Կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմնական խոչընդոտը Հայաստանի թշնամական դիրքորոշումն է՛՛, իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով առանձին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իր թվիթերյան գրառման մեջ գրել է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին թե ռազմի դաշտում և թե դիվանագիտական ասպարեզում ու որ Հայաստանը հատել է թույլատրելիի սահմանը և այժմ ստանում է իր պատասխանը ռազմի դաշտում:

Ադրբեջանին աջակցություն է հայտնել նաև Պակիստանը, որը մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի տարածքները հրթիռակոծելու և իրավիճակը սրելու մեջ:

Հիշեցնենք, որ ժողովրդին ուղղված իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել ՛՛գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:՛՛ Նա նաև նշել է, որ ՛՛Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից՛՛, ասել է Հայաստանի վարչապետը:

Բացի այդ, հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության աճին արձագանքնել են միջազգային քաղաքական և ռազմական դաշինքներն ու կառույցները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը, կողմերին կոչ արել դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ ընդգծելով, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Մինսկի խմբի համանախագահների կոչին հետևել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցով բարձր ներկայացուցչի Ջոզեֆ Բորելի և Կովկասում և Կենտրոնական Ասիայում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի առանձին հայտարարությունները, ուր Բրյուսելի քաղաքական և անվտանգության դաշինքների ներկայացուցիչները կոչ են արել հակամարտության կողմերին դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանին Մինսկի խմբի ձևաչափի ներքո: ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Իր հերթին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից այդ պահի դրությամբ որևէ դիմում չի ստացել: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ միշտ հանդես Է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ:

Այս ընթացքում մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում տեղակայված Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, որն իր հերթին դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար: Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ու միջազգային իրավունքի դրույթների ներքո: