Եղիշե Թադևոսյանի տասնյակ տարիներ պահոցներում պահվող կտավները՝ ցուցասրահում
Աջակցիր «Ա1+»-ինՎաղարշապատի երկու անվանի գեղանկարիչների՝ Եղիշե Թադևոսյանի և Մհեր Աբեղյանի կտավներն այսուհետ կցուցադրվեն նույն հարկի տակ: Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Վաղարշապատում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում այսօր բացվեց հայ իմպրեսիոնիստի անվանական ցուցասրահը:
«Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»,- գրել է գեղանկարչի մասին Մարտիրոս Սարյանը:
Թանգարանի տնօրեն Մանուշակ Հովհաննիսյանի խոսքով, տարիներ շարունակ նրա երազանքն էր, որ Էջմիածնում, նկարչի ծննդավայրում գոնե մի փոքր ցուցասրահ ունենան: Հիմա ունեն անվանական ցուցասրահ, որտեղ ցուցադրված են Եղիշե Թադևոսյանի հայրենիքում, Մերձավոր Արևելքում և եվրոպական երկրներում տարբեր տարիների շրջագայությունների ընթացքում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից , որոնցից շատերը տասնյակ տարիներ պահվում էին պահոցներում և ցուցադրվում են առաջին անգամ:
ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի խոսքով, գեղանկարչի «Կոմիտասը»,«Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» գլուխգործոցներից բացի, ցուցադրված են էտյուդներ ու գծապատկերներ: Ըստ Տիկին Հակոբյանի, ցուցադրության նպատակն էր մեծադիր կտավների և էտյուդային էսքիզների համադրումը, մտահղացումից՝ իրականացում: Ցուցադրված են նաև նոթատետրեր, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ:
Այսօր նաև Եղիշե Թադևոսյանի հայրական տան պատին՝ Ռոմանոս Մելիքյան փողոցում, տեղադրվեց հուշատախտակ: