Դատավորը ասում է՝ կաշկանդվածություն չկա, բայց գործընթացը ցույց տվեց՝ դատավորն անզոր է․Ծառուկյանի պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատական նիստն ավարտվեց, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման երկարատև քննարկումներից հետո դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնել, սակայն դատարանը որոշում է կայացրել վճիռը հրապարկել այսօր երեկոյան՝ 23:00-ին։
Անդրադառնալով դատարանի՝ որոշումը կայացնելու հրատապությանը՝ փաստաբանը հիշեցրեց՝ իրենց վճռաբեկ բողոքը մերժվել է 3 օրում, ինչն այլ քրեական գործերով երբեք տեղի չի ունենում․
«Մի ամբողջ դատական համակարգ Վճռաբեկ դատարանով հանդերձ քուն ու դադար թողել էին , մատածում էին, թե երբ է էս գործը պաշտպանը ստանալու, որպեսզի վերցնեն թուղթը, երեք օրվա մեջ էլ բողոքի վերաբերյալ որոշում կայացնեն»։
Փաստաբանն ասում է՝ դատարանում հարց են բարձրացրել՝ գործից անցել է 3,5 ամիս, գոնե մեկ տվյալ կա՞, որ Ծառուկյանը խոչընդոտել է քննությանը, դատարանում հայտարարվեց, որ չկա նման տվյալ․
«Ցանկացած դեպքում, երբ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, դրան հաջորդում է քրեական գործով քննիչների, դատավորների, դատախազների կողմից կոնկրետ արձագանք, այս դեպքում էլ, երբ հայտարարվեց համատարած հանդիպումների մասին, ինչ-որ մարդիկ կամ հանձնարականով, կամ սեփական նախաձեռնությամբ այս գործով արագ ի վնաս որոշումներ են կայացնում»։
Անդրադառնալով իրենց ներկայացրած ինքնաբացարկի մերժմանը, Սարգսյանն ասաց․
«Դատավորը գտնում է, որ որևէ կաշկանդվածություն չկա իր հարցում, սակայն ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ դատավորն անզոր է»։
Փաստաբանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է վճռի հրապարակմանը, նաև ափսոսանք հայտնեց, որ դատական նիստերը հրապարակային չեն․
«Պետքա տեսնեն՝ բոլորը ինչ է տեղի ունենում, որպեսզի հետագայում չասեն՝ ամեն ինչ օրինական է։ Եթե կալանավորման որոշում լինի, ուրեմն սա քաղաքական հետապնդման շարունակությունն է»։
Հիշեցնենք, փաստաբանները ինքնաբացարկի միջնոդություն էին հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Հիշեցնենք նաև, որ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում, դռնփակ նիստում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։