Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Մոցարտը քաղաքում». երբ միավորվում են հանճարը, իրական արվեստին անչափ կարոտած երևանյան երաժշտասերն ու Ֆիլհարմոնիկի երաժիշտները

Ի՞նչ է հարկավոր երաժշտական տոն ստանալու համար՝ գեղեցիկ երաժշտություն, լավ կատարում, տրամադրող միջավայր և շնորհակալ ունկնդիր: Եվ ամենակարևորը՝ կազմակերպիչ, ով կապահովի այս ամենը:

«Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի «Մոցարտը քաղաքում» մշակութային երեկոն միավորեց հանճարին, իրական արվեստին անչափ կարոտած երևանյան երաժշտասերին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիասքանչ երաժիշտներ՝ ֆլեյտահար Նարեկ Ավագյանին, ջութակահար Արամ Ասատրյանին, ալտահար Մերի Դոլմազյանին, թավջութակահար Վահե Դանիելյանին: Միավորեց բացօթյա հարթակում, ուրբանիստական մի ինքնատիպ միջավայրում, որը ստեղծվել էր շնորհիվ նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ոճային կտավների: 

«Այնպիսի թիմում պետք է աշխատես, որ անհնարինը կարողանաս դարձնել հնարավոր: Մենք դա արեցինք, փոքր թիմով, բայց մեծ երազանքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լոֆթ» կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանը միջոցառումից հետո:

Մոցարտի նրբագեղ, կատարյալ կվարտետները՝ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար ֆիլհարմոնիկի երաժիշտների հիանալի կատարմամբ կոտրեցին այն կարծրատիպը, որ դասական երաժշտություն կարելի է վայելել միայն համերգասրահում: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակների կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի խոսքով, Մոցարտն Աստծո կողմից ստեղծված կատարյալն է իր ստեղծագործություններով, ապրած կյանքով և անհատականությամբ: Նա և՛ դասական է և՛ միշտ ժամանակակից: 

«Մոցարտը միակ կոմպոզիտորն է, ով կվարտետներ է գրել ֆլեյտայի և լարայինների համար: Եվ նման կազմով երաժիշտները հավաքվում են բացառիկ դեպքերում այս գործերը կատարելու համար»,- ասում է նվագախմբի ֆլեյտահարների կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանը և հավելում, որ սա հենց այն երաժշտությունն է, որի համար ընտրել է մասնագիտությունը: 

Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի երևանյան տրանսպորտին նվիրված շարքը, մինչև համավարակն արդեն  ցուցադրվել էր «Լոֆթում», հետո կենտրոնը փակվել էր, և երբ առաջարկ ստացավ  մասնակցել նույն շարքով, իհարկե համաձայնեց, քանի որ նրա խոսքով՝ «Լոֆթի» հետ աշխատելն իսկապես հաճելի է,  հետաքրքիր և ոչ ստանդարտ կոնցեպտ են առաջարկում: 

«Այս երեկոն հենց դրա ապացույցն է»,- ասաց նկարիչը:

Իսկ, թե խորհրդային տարիների հուշ դարձած և այսօրյա երևանյան տրանսպորտը ինչպես դարձավ նկարչական շարքի թեմա հարցին Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեզ շրջապատող շատ օբյեկտներ կարելի է դիտարկել ոչ թե որպես զուտ ֆունկցիոնալ, կամ սոցիալական նշանակության օբյեկտ, այլ տալ նրանց գեղագիտական, զգայական իմաստ։ «Տրամվայը, տրոլեյբուսն ու ավտոբուսը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հիշողություն, փոխադրամիջոց կամ մետաղի կտոր, այլ որպես արվեստի օբյեկտ, ինչն էլ փորձել եմ արտահայտել կտավներում»:

Ի դեպ, քանի որ միջոցառմանը ներկա գտնվել ցանկացողները շատ էին, իսկ տեղերը՝ սահմանափակ, համերգ-ցուցահանդեսը կկրկնեն ևս մեկ անգամ, արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 2-ին: