Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեկ որոշում չի ընդունվել ձայների հավասարությամբ պայմանավորված․ Շաթիրյան (տեսանյութ)

Ընդմիջման ժամով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվել էր, այն վերսկսվեց ժամը 14:00-ին։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել։

Շաթիրյանի խոսքով՝ այսօր նիստին կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցներին ՍԴ այս նիստը լուսաբանելու թույլտվություն տրամադրելու հարցը, ինչի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, դեռևս վերջնական որոշում չկա.

«Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, ինչ արդյունք կլինի, չեմ կարող ասել»:

Ըստ Շաթիրյանի՝ ամենայն հավանականությամբ լրատվամիջոցների լուսաբանման հարցը քննարկելուց հետո անցում կկատարեն նախագահի ընտրության հարցին։ Դիտարկմանը, թե արդեն իսկ տեղեկություն կար, որ հիմնական պայքարը Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի միջև է ընթանում, Էդգար Շաթիրյանը հորդորեց խնդիրը չանձնավորել.

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, մի բան է տեսականորեն, ենթադրությունների տրամաբանության դաշտում խոսել, մեկ այլ բան է իրականությունը: Գործնականում ինչ կլինի, համբերենք, տեսնենք: Երբ կառաջադրվեն թեկնածուներ կամ կլինեն ինքնաառաջադրումներ կամ առաջադրումներ դատավորների կողմից, 9-ից յուրաքանչյուրն իր ներքին համոզմամբ քննարկումների արդյունքներով կկայացնի սեփական որոշում»:

Հարցին, թե հնարավոր է, որ ինքնաառաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը չցանկացավ պատասխանել, միայն կրկնեց, թե թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի քննարկվել:

Շաթիրյանի խոսքով՝ լուսաբանման թույլտվություն տրամադրելու հարցով երեկ որոշում չի ընդունվել, քանի որ ձայները հավասար են բաշխվել.

«Երկու ժամ դա էինք քննարկում, երեկ ոչ թե որոշում է կայացվել լրատվամիջոցների դիմում-խնդրանքները մերժելու մասին, այլ որոշում չի ընդունվել ձայների հավասարության հանգամանքով պայմանավորված, ամեն դեպքում, նկատի ունենանք այն հանգամանքը, որ դատավորներից յուրաքանչյուրը կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման նախագիծ՝ ՍԴ գործունեությանն առնչվող հարցերով»: