Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 24.09.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Կիևի «Դինամոյի» 100-րդ հաղթանակը, «Օմոնիայի» առաջին սայթաքումը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան որակավորման վերջին փուլի՝ փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները:

Երևանի «Արարատ-Արմենիայի» նախկին մրցակից Կիպրոսի «Օմոնիան» Հունաստանում 0:2 հաշվով տանուլ տվեց «Օլիմպիակոսին» և առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում: Խմբային փուլ մտնելու համար կիպրոսցիներին պատասխան խաղում արդեն պետք է հաղթել երեք գնդակի առավելությամբ, ինչն այնքան էլ իրատեսական չէ, հաշվի առնելով հունական ակումբի փորձն ու ներուժը:

Կիևի «Դինամոն», որը հանդես է գալիս որպես Ուկրաինայի փոխչեմպիոն, հյուրընկալվելիս առավելության հասավ Բելգիայի «Գենտի» նկատմամբ՝ 2:1: Ինչպես նշում են ֆուտբոլային վիճակագիրները, դա դինամոյականների թվով 100-րդ հաղթանակն էր չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Խմբային փուլ մտնելու լավ հնարավորություն ունի նաև Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգը», որը Իսրայելում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Թել Ավիվի «Մաքաբիի» նկատմամբ: Նույնպիսի հաղթանակ է տոնել նաև Ռուսաստանի բրոնզե մեդալակիր «Կրասնոդարը», հունական ՊԱՕԿ-ի հետ խաղում, սակայն՝ սեփական հարկի տակ:

Այս փուլի երկու հանդիպումներում հաղթողներ չորոշվեցին: Չեխական «Սլավիան» ու դանիական «Միդտյուլանդը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0:0, իսկ Նորվեգիայի և Հունգարիայի չեմպիոնները՝ «Մյոլդեն» ու «Ֆերենցվարոշը», երեքական գոլեր փոխանակեցին՝ 3:3:

Պատասխան խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 29-ին և 30-ին: Հիշեցնենք, որ այս փուլում պարտված թիմերը ելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: