Արարատի մարզը միայն Խոր Վիրապը չէ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երկրորդ անգամ Վեդիի մի խումբ դպրոցահասակներ ու երիտասարդները կիրակին տանը չեն անցկացնում․ նրանք վաղ առավոտից՝ կազմ – պատրաստ ավտոբուսում են, շտապում են բացահայտելու՝ իրենց մարզում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը։
25 հոգուց բաղկացած խումբը սկզբում Պարույր Սևակի տուն-թանգարում է , հարգանքի տուրք են մատուցում բանաստեղծի ու նրա ընտանիքի անդամների շիրիմներին՝ տեղում ասմունքելով Սևակ՝ Ռուբեն Հախվերդյանի երաժշտության ներքո։ Այնուհետև խումբը շրջում է բանաստեղծի տնկած այգում, համտեսում այն մրգերը, այցն ավարտվում է թանգարանում՝ Վիվալդիի նոտաներով, որոնք հնչում են գրողի կնոջ դաշնամուրից։
Նվագողը 15-ամյա Անին է, ով մեզ հետ զրույցում պատմում է՝ ներքին տագնապ է ունեցել դաշնամուրին մոտենալիս․ «Մի ուրիշ, աննկարագրելի զգացողություն ունեի, երբ նվագում էի հենց այն դաշնամուրով, որին վստահ եմ, Սևակի մատներն են կպել։ Հուզմունք կար, սակայն այն հենց առաջին նոտայից հետո վերացավ»,- ասում է Անին։
Ճանապարհի կեսից արդեն ընկերներ դարձած այս փոքրիկ խումբն իր այցը շարունակում է 13-րդ դարում կառուցված Հովհաննես Կարապետի վանքում, որտեղ նրանց դիմավորում է հոգեւորական ու ներկայացնում կառույցի նշանակությունն ու պատմությունը։
«Երբ ընտանիքով ես գնում եկեղեցի, թանգարան, տպավորություններդ այլ են լինում, շատ բաներ կարող ես անգամ հաջորդ օրը մոռանալ, բայց երբ նույն վայր գնում ես երիտասարդական խմբով, քո հասակակիցների հետ, տպավորություններն լրիվ ուրիշ են, ոնց որ ամեն պահը դաջվի ուղեղումդ։ Երևի չկա մի պահ, որը կարող եմ մոռանալ»,- ասում է է Անին Փալթաջյանը։
Այս ճանաչողական այցի գաղափարը Youth Community Project՝ «Յութ Քմյունիթի Փրոջեքթ» երիտասարդական ՀԿ-ի անդամներին է։
ՀԿ նախագահ Մանե Մինասյանի խոսքով՝ գաղափարը շատ պատահական է ծնվել․ «Ես ու ընկերներիցս մեկը՝ Գոռը, ով մեր կազմակերպության հիմնադիրներից է, մեր տանը դրամաշնորհային ծրագրի հայտ էինք լրացնում ու որոշեցինք այցերի շարք գրել։ Ցավոք, մեր դրամաշնորհն այդ անգամ չհաջողեցինք, սակայն չկոտրվեցինք ու դիմեցինք մեր համայնքապետ Վ․Բարսեղյանին, վերջինս էլ, ինչպես հիմնականում է լինում, մեզ չմերժեց ու խոստացավ ֆինսավորել, որպեսզի տրանսպորտի ու այլ ծախսեր հոգանք։ Մեր նպատակն այն է, որ մեր մարզում գտնվող, դարերի պատմություն ունեցող վայրերը ճանաչվեն նախ մեր քաղաքի ու մարզի երիտասարդների կողմից, հետո՝ մարզից դուրս»։
Երիտասարդները ծրագիրն անվանել են «Ճանաչենք Արարատը միասին» ու ուզում են, որ մարզը դառնա ճանաչելի ոչ միայն Խոր Վիրապով, այլ նաև մյուս ոչ պակաս արժեք ունեցող վայրերով։
Նրանք պատրաստվում են ամեն շաբաթ ունենալ ճանաչողական այցեր՝ ամեն անգամ տարբեր խմբերով։ Առաջին այցին եղել են Գևորգ Մարզպետունուամրոցում ու Ուրցաձորի էկո կենտրոնում։ Ի դեպ, մասնակցել կարող են բոլորը։