Չպետք է ունքը շտկելու փոխարեն, աչքը հանենք․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա ժամակոչյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության կողմից առաջարկվող օրենքի փոփոխությունը, որով պետք է ստեղծել միասնական համալիր սոցիալական ծառայություն՝ մեկ պատուհան։
Արդյունքում ստեղծվում է նոր կառույց, որը, նախագիծը ներկայացնողի հավաստիացմամբ, թույլ կտա լիարժեք իրականացնել սոցիալական ծառայությունները։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թեև ողջունում է նախաձեռնությունը, սակայն այն համարում է թերի ու ոչ համակարգված․
«Գաղափարը միանշանակ ընդունելի է, քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը տեղ չի գնա, սակայն միասնական կառույցի դեպքում հաշմանդամություն ունեցող քաղաքացին Ավանից ինչպե՞ս է գնալու քաղաքի մյուս ծայրը այդ մեկ պատուհանից օգտվելու համար»։
Ըստ նրա՝ սա տարիներ շարունակ եղել է ամենակոռումպացված օղակներից մեկը, պետք է այն վերագործարկել, սակայն հիմա համակարգը իսկապես պատրաստ չէ․
«Վառ օրինակներից է, երբ չգիտես ինչպես մահացածները թոշակ էին ստանում, կամ գնում էին քվեարկության։ Չպետք է ունքը շտկելու փոխարեն աչքը հանենք, ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր, քանի՞ մարդ է կորցնելու աշխատանքը»։
Զոհրաբյանի հարցադրումներին ի պատասխան փոխնախարարը հավաստիացնում է՝ նման փոփոխությունների պարագայում աշխատանքից զրկվողների թիվը քիչ է․
«Պատրաստ չլինելու վախը այսքան տարի չի թողել, որ այս համակարգը գործարկվի։ Ունենալու ենք 135 հաստիքի նվազեցում, սա բավական ցածր ցուցանիշ է նման մեծ փոփոխությունների պայմաններում»։
Մեկ միասնական սոցիալական ծառայության համակարգի համար նախարարությունը նոր վարկային միջոցներ չի ներգրավելու, վարկային միջոցները դեռևս 2014 թվականից են, երկարացվել են միայն դրանց ժամկետները։
Միջոցներն ուղվելու են շենքային պայմանների ապահովմանը, սոցիալական աշխատողների վերապատրաստման գործընթացին, տեխնիկական միջոցներին։
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ 99 կողմ 0 դեմ արդյունքով ընդունեց ներկայացված օրենքի փոփոխության նախագիծը։
Երկրորդ ընթերցումը կլինի այսօր՝ ավելի ուշ։