Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը մայիսի 1-ն է (տեսանյութ)

Հասարակություն

«Կեցցե' Սովետական ժողովուրդների բարեկամությունը, կեցցե' Սովետական միությունը, կեցցե' պրոլետարիատը, ուռա'» ,-մայիսմեկյան շքերթին հնչող այս կոչերը այսօր շատ քչերն են հիշում: Մինչդեռ, Խորհրդային տարիներին հենց ա'յս կոչերով ոգեւորված էին հազարավոր մարդիկ դուրս գալիս մայիսմեկյան շքերթի:

Այսօր «հին օրերի» իրադարձությունները տարեց երեւանցիները հիշում են կարոտով, ափսոսանքով ու նաեւ ցավով:

Տնտեսվար Պայծառ Աճոյանը պատմեց, որ մայիսմեկյան շքերթին ընտանիքներով գնում էին այգի: Աշխատավորների օրը նրա հուշերում մնացել որպես մի օր, երբ ինքը նոր հագուստ էր հագնում:

«Հիշում եմ մի ամբողջ գիշեր ես ու ընկերուհիս չքնեցինք. նոր շորեր էինք մեզ համար կարում, որ շքերթին հագնենք: Շատ ուրախությամբ էինք պատրաստվում: Ափսոսում եմ, որ այսօրվա սերունդը դա չի տեսել եւ չի էլ տեսնում»,-«Ա1+»-ին ասաց նա:

Աիդա Օհանյանն էլ պատմեց, որ մայիսմեկյան շքերթներից իրեն ժառանգություն է մնացել ճիշտ քայլելու դասերը, որոնք դպրոցներում սկսվում էին ապրիլի մեկից:

«Պատրաստվում էինք ոգեւորությամբ, որ միանման զգեստներով մարշի դուրս գանք Լենինի հրապարակ: Տրամադրությունը այդ օրը շատ տոնական էր, էլ չեմ ասում փուչիկների, դրոշակների, օդապարիկների եւ այլ ուրախությունների մասին»,- հիշեց նա:

Իսկ լրագրող Ռուբեն Գրիգորյանն էլ, ով աշխատանքի բերումով բազմիցս լուսաբանել է շքերթները, հիշեց, թե ինչպես էր յուրաքանչյուր կոլեկտիվ Հրապարակով, իր փոխանցիկ դրոշներով անցնում երկրի ղեկավարների առջեւով եւ թե ինչ իրարանցում էր տիրում մարդկանց մեջ մայիսմեկյան տոնակատարության նախօրեին.

«Դա աշխատավորների տոնն էր, ցուցանիշների տոն: Իհարկե այդ ժողովրդական տոնախմբության մեջ դրական բան կար, սակայն նաեւ շատ էր ցուցամոլությունը ` թե տեսեք Սովետական միությունում բոլորը երջանիկ են»,-«Ա1+»-ին ասաց նա:

Ավագ սերնդի հուշերը, սակայն չկիսեց հարցված եւ ոչ մի երիտասարդ: Նրանցից ոչ ոք չգիտեր ո'չ օրվա մասին, ո'չ էլ դրա պատմությունը: Երիտասարդներից մեկը, օրինակ, արդարացավ որ նոր է ժամանել Հայաստան եւ չգիտի, թե ինչ է նշվում: Մեկ ուրիշը մայիսի մեկը համարեց հայրենասիրության տոն, մեկն էլ փորձեց համոզել, որ այն երեխաների պաշտպանության օրն է:

Ի դեպ, «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի մոտ աշխատող կանանցից մեկն էլ, երբ խնդրեցինք պատմել մայիսմեկյան շքերթի մասին ասաց. «Հիշելով իմ վիճակը չի լավանա: Եթե շարունակեմ ձեր հարցերին պատասխանել ինձ գործից կհանեն»:

Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886- թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Ի դեպ, ըստ ՀՀ վիճվարչության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թ հունվար-մարտ ամիսներին եղել է 7,3 տոկոս: Այսինքն 84 302 մարդ այսօր աշխատանք չունի: Իսկ զբաղվածների թիվը կազմում է մոտ մեկ միլիոն: