Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 4-րդ տեղը գրավեց Եվրոպայի պատանիների առցանց առաջնությունում

Եվրոպայի շախմատի միության`ԵՇՄ-ի կողմից անցկացված արագ շախմատի առցանց Եվրոպայի պատանեկան 1-ին առաջնությունում Հայաստանի 24 պատվիրակներից (12-ական պատանի և աղջիկ) լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

18 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով դուրս մնաց մրցանակային եռյակից: Ալեն Երեմյանը 6,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Տարիքային այս խմբում հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոն, որը վաստակեց 8 միավոր: 

Մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավրություն ուներ նաև մեր 14-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, սակայն վերջին տուրում նա պարտվեց իր մրցակցին և վաստակած 6,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:

16 տարեկան շախմատիստների մրցաշարում հաջող հանդես եկավ Արշակ Մելքոնյանը, որը 7 միավորով առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Այս տարիքային խմբում չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը, որն իր անվան դիմաց գրանցել էր 8 միավոր:

Աղջիկների մրցումներում բոլորից հաջող հանդես եկավ 16-ամյա Աստղիկ Հակոբյանը, որը վաստակելով 6,5 միավոր՝ բավարարվեց 6-րդ տեղով: