Աբրահամի մրցակիցը դաս է քաղել
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի երրորդ փուլի Արթուր Աբրահամ - Կառլ Ֆրոչ մրցամարտը չնայած կայանալու է օգոստոսի 21-ին, սակայն արդեն սկսվել է պայքարը երկու մարզիկների միջեւ:
Շոտլանդացի բռնցքամարտիկի գործակալն ամեն օր պնդում է, որ մրցամարտը պետք է տեղի ունենա անգլիական Նոթինգհեմ քաղաքում, քանի որ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերված Աբրահամի ներկայացուցիչների հետ:
Սակայն հայազգի բռնցքամարտիկի շահերը ներկայացնող Sauerland Events կազմակերպությունը, որը հենց զբաղվում է Աբրահամի մարտերի կազմակերպմամբ, պաշտոնապես հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել այդ կապակցությամբ:
Արթուր Աբրահամն այս առնչությամբ նշել է, որ ըստ պայմանավորվածության մրցամարտը պետք է կայանար Նոթինգհեմում այն դեպքում, եթե Ֆրոչը ապրիլի 24-ին հաղթեր դանիացի Միկել Կեսլերին, իսկ պարտության ժամանակ մարտը նախատեսել էին անցկացնել Բեռլինում:
Սակայն Կառլ Ֆրոչը չի ցանկանում երկրորդ անգամ իր մրցակցի հետ հանդիպել նրա իսկ հարազատ քաղաքում, քանի որ արդեն դառը դաս է քաղել Կեսլերի հետ անցկացրած մրցամարտից: Այն կայացել էր Դանիայում, բավական կողմնակալ մրցավարության պայմաններում, իսկ դանիացի բռնցքամարտիկը մրցամարտը հաղթել էր ընդամենը մեկ հարվածի առավելությամբ:
Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, եթե Աբրահամի ներկայացուցիչները չհամաձայնեն Նոթինգհեմի տարբերակի հետ, ապա Ֆրոչն ընդհանրապես կդադարեցնի ելույթները Super Six-ի մրցաշարում: