Ապրիլյան պատերազմի հերոսին նկարելիս չէի նկատում,թե կողքիս ինչ է կատարվում․ ինքնուս նկարիչ
Աջակցիր «Ա1+»-ին«Ես դեռ նկարիչ չեմ դարձել ու, հավանաբար, չեմ էլ դառնա»,-ասում է հրազդանաբնակ ինքնուս նկարիչ Արսեն Պետրոսյանը, որն իրեն ուղղակի համարում է «լավ նկարող»։
Նա մասնագիտությամբ իրանագետ է, բայց․ «Մասնագիտությունս սիրել եմ, բայց վերջին անգամ կապ եմ ունեցել 2013-ին՝դիպլոմայինիս օրը»։
Ասում է՝ նկարում է մանկուց, հարազատները, նկատելով իր ձիրքը, նկարչական խմբակ են ցանկացել տանել, բայց․ «Նկարչության խմբակ չեմ գնացել.բացի ինձնից բոլորն ուզում էին՝ գնայի։ Ես կարատեի խմբակ էի ուզում, արդյունքում՝ ո՛չ մեկը,ո՛չ մյուսը»։
Առաջին նկարներից մեկը չի մոռանում․
«Իմ դեղին ճուտիկը նկարել եմ 3-4 տարեկանում: Իմ հագուստի դարակի ներքևի մասում էր.ես մինչև հիմա հիշում եմ ու տարիներ հետո նույն դարակը բացելիս նույն զգացողություններն են:Դրանցի հետո կյանքը ցույց տվեց,որ դեղին գույնն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի կամ ուներ»։
Ամեն մի նկար մի պատմություն ունի, բայց դրանք չի առանձնացնում։ Ասում է՝ ժամանակին աղջիկների էր նկարում․ «Գաղտնի՝առանց իրենց իմանալու,նկարում էի ,փորձում էի նկարը տալ, մեկը վերցնում էր,մեկը չէր վերցնում Ծավալված պատմությունների մասին չեմ խոսում.մի առանձին հարցազրույց է պետք դրա համար»։
Իր աշխատանքի լավագույն գնահատականը համարում է դիմանկարների հերոսների աչքերը․ «Նայում են ու խոսքեր չունեն, ու դա ես իրենց աչքերից եմ զգում:Նշանակում է՝ ես լավ եմ աշխատել,որ սրտով եմ աշխատել»:
Լավագույն արդյունքի հասնելու համար տաղանդից բացի կարեւորում է աշխատասիրություն ու նպատակասլացությունը, որ «հասնես բարձր մակարդակի, անգամ քեզ տանջելով»։
Արսենին Հրազդանում գիտեն նաեւ Ապրիլյան պատերազմի հերոսների գրաֆիտիներով․
«Գաղափարը ծագել է շաբաթվա սկզբում ,շաբաթվա վերջում արել եմ:Առաջինը Վահե Զաքարյանի նկարն էր՝ Հրազդանի համար 10 ավագ դպրոցի պատին: Առաջին անգամ,երբ դպրոցում նշում էին Վահեի ծնունդը ,որոշեցի մի մնայում բան անել,որը հաստատ շատ մարդկանց սրտով կլինի:Դպրոցի պատից ավելի լավ տեղ չէի կարող գտնել,քանի որ Վահեն հենց էնտեղ է սովորել,քանի որ դպրոցն իրենից դաստիարակչական կենտրոն է ներկայացնում,մատաղ սերնդին զարգացնելու դաստիարակելու դարբնոց:Բացի այդ դպրոցականներից բացի օրվա ընթացքում շատ մարդիկ են անցնում դպրոցի բակով ու էդ ժպիտը իրենց սկզբից մինչև վերջ ուղեկցում է»,- պատմում է նա:
Նկարիչն ասում է՝ երբ նկարում էր, ժամանակն ուղղակի աննկատ թռնում էր ու չէր նկատում,թե կողքին ինչ է կատարվում:
«Այն դեպքերից էր,երբ նկարի հետ խոսում էի»,- անկեղծանում է Արսենը Պետրոսյանը, որի համար շատ կարեւոր իր աշխատանքի վերաբերյալ գնահատականները։
«Երբ մարդ իսկապես ասում է այն,ինչ մտածում է քո աշխատանքի վերաբերյալ,և մտածածը դրական է լինում ,թևավորվում ես,բայց չես գոռոզանում»,- եզրափակում է նա։