2020 SAINT LOUIS RAPID & BLITZ. Լևոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ տեղերը
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց առցանց անկացվող 2020 SAINT LOUIS RAPID & BLITZ արագ և կայծակնային շախմատի խոշոր մրցաշարը:
Բլիցի մրցաշարի երկրորդ շրջանում հաջող հանդես եկավ ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նրանից կեսական միավոր քիչ վաստակեցին Լևոն Արոնյանն ու ամերիկացի Վեսլի Սոն:
Մեր շախմատիստը շատ վստահ սկսեց այս փուլը, նախ հաղթեց իր երկու գլխավոր մրցակիցներին՝ Յան Նեպոմնյաշչուն և Ալեքսանդր Գրիշչուկին, ինչպես նաև հետնապահներ Ալիռեզա Ֆիրուջային ու Պենտալա Հարիքրիշնային: Ավաղ, նախավերջին՝ 17-րդ տուրում, նա պարտվեց Վեսլի Սոյին և զրկվեց մրցանակային 3-րդ տեղը գրավելու շանսից:
Արդյունքում, Լևոն Արոնյանը ընդհանուր 18,5 միավորով 4-5-րդ տեղերը բաժանեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նրանք կստանան 27,500-ական դոլար պարգևավճար: Մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու Վեսլի Սոն, որոնք վաստակեցին 24-ական միավոր և իրար մեջ կբաժանեն 90 հազար դոլար պարգևավճարը: Մրցանակային 3-րդ տեղը գրավեց վերջին օրը լավագույն արդյունք ցույց տված Հիկարու Նակամուրան, որը ընդհանուր հաշվարկով վաստակեց 21 միավոր: Նա կստանա 35 հազար դոլար: